Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին:
Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է Հայաստանի՝ ռուս սահմանապահների կողմից պահպանվող ամենահարավային՝ ՀՀ-ի, Իրանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետում, այցելել է «Կարճեւան» սահմանային անցակետ, ինչպես նաեւ հանդիպել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:
«ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է նաեւ «Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որը տարածաշրջանի խոշորագույն հարկատուներից ու գործատուներից է: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, հայտնել է իրականացվող բնապահպանական միջոցառումների եւ այս տարվա հունիսի վերջին կոմբինատի՝ ամբողջապես փակ ցիկլով ջրօգտագործման անցնելու մասին, ինչը պրակտիկորեն բացառելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Ձեռնարկության ղեկավարը պատմել է նաեւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղվող աջակցության ու սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման մասին»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: