ՄԱԿ-ի ամբիոնը սեփական խնդիրները բարձրաձայնելու վայր է։ Այդ ամբիոնից իրենց երկրները ներկայացնող առաջնորդները միջազգային հանրությանն իրենց անհանգստացնող հանգամանքների մասին են խոսում, ներկայացնում են իրենց խնդիրներն ու դրանց լուծման համար միջազգային հանրության աջակցությունն են ակնկալում։
Ճիշտ է, այդ կառույցը կորցրել է իր երբեմնի դերակատարումը, համահունչ չէ իր կոչմանը, չի կարողանում իր իսկ ընդունած բանաձեւերի կատարմանը հետամուտ լինել, բայց, այնուամենայնիվ, բարձր ամբիոն է, ու այնտեղից սեփական խնդիրները հնչեցնելը կարեւոր է։
Բոլոր երկրների ներկայացուցիչներն էլ, անկախ միջազգային ասպարեզում իրենց ունեցած դերից ու կշռից, այդպես են վարվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգի երկիրն իր խնդիրների, իր հոգսերի ու իր մտահոգությունների մասին է խոսում, Ֆրանսիան՝ իր, Բրիտանիան՝ իր, ավելի փոքր դերակատարում ունեցող երկրներն էլ՝ իրենց։
Այս անգամ էլ ՄԱԿ-ի ամբիոնից բոլոր ելույթ ունեցողներն այդպես վարվեցին։ Խոսեցին իրենց երկրներին հուզող հարցերից, իրենց հակառակորդներին հաշիվները ներկայացրին ու առաջ քաշեցին իրենց պահանջները։ Ադրբեջանի ներկայացուցիչը, օրինակ, Հայաստանին հնարավոր բոլոր հանցանքների համար մեղադրեց։
Միայն Հայաստանը ներկայացնող Փաշինյանն էր, որ սեպտեմբերի 23-ի իր ելույթում Հայաստանին հուզող խնդիրներից չխոսեց։ Նա Հայաստանի մասին չխոսեց ընդհանրապես։ Նրա ելույթը խոհափիլիսոփայական էր։ Այն ոչ միայն Հայաստանին չէր վերաբերում, այլեւ վերացական էր, ոչ մի բանի մասին էր։ Նման ելույթ կարելի էր ունենալ որեւէ ուսումնական հաստատությունում՝ ուսանողներին հանդիպելիս։
Ի՞նչ ցույց տվեց Փաշինյանի այդ ելույթը։ Առաջին հերթին, որ նա պետական գործիչ չէ։ Չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ներկայացնել պետություն ու այդ պետության ներկայի ու ապագայի համար լինել պատասխանատու։ Ցույց տվեց, որ նա իր մտածողությամբ իր ապագան քաղաքականության մեջ պատկերացնող լրագրող է մնացել։
Այդպիսին էլ նա կմնար, եթե չլինեին հանգամանքները։ Ավելի ճիշտ՝ հանգամանքը։ Այդ հանգամանքը Սերժ Սարգսյան է կոչվում։ Նա է հեղինակել Նիկոլ Փաշինյանին։
Սերժ Սարգսյանի օրոք, եթե ինքն Աստված սեփական թիմով ընտրություններին մասնակցելու եւ ՀՀ Ազգային ժողով մտնելու ցանկություն հայտներ, անպայման պետք է Սերժ Սարգսյանի վերջնական խոսքով վավերացված համաձայնություն ունենար։ Հակառակ դեպքում այնպիսի խոչընդոտներ կստեղծվեին, այնպիսի ընտրակեղծիքներ կկատարվեին, քվեաթերթիկների այնպիսի հաշվարկ կիրականացվեր, որ Աստվածը զարմանքից, զայրույթից ու վիրավորանքից քարացած կմնար։
Առաջին անգամ Փաշինյանը ԱԺ-ում հայտնվեց 2012-ին՝ Հայ ազգային կոնգրեսի ցուցակով։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանի դիրքերը թույլ էին։ Դեռ թարմ էին 2008-ի դեպքերը, ՀԱԿ-ը հզոր էր, արտաքին ճնշումը մեծ էր։ Այս պարագայում ՀԱԿ-ին պառլամենտ չթողնելը Սարգսյանին ավելի շատ կվնասեր։ Արդյունքում ՀԱԿ-ը, Փաշինյանով հանդերձ, Ազգային ժողով մտավ։
Կարճ ժամանակից Փաշինյանն արդեն ՀԱԿ-ի դեմ էր աշխատում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հաջորդ պառլամենտում լինելու ծրագիր ուներ։ Գիտեր՝ ՀԱԿ-ի հնարավորությունները սպառվում են, ու իրեն Սարգսյանն է պետք լինելու։ Սարգսյանին էլ՝ Կոնգրեսի դեմ պայքարելու, Կոնգրեսը թուլացնելու համար Փաշինյանն էր պետք։ Շահերի նման համընկնումն էլ 2017-ին Փաշինյանի համար պառլամենտ մտնելու ճանապարհ հարթեց։
Ասում են՝ Փաշինյանը սրա հոգեզավակն է, նրա հոգեզավակն է։ Իրականում նա ոչ մեկի հոգեզավակն էլ չէ։ Չունենալով կայուն սկզբունքներ, տարված լինելով իր մասնավոր-անձնական խնդիրը լուծելու մտքով՝ նա օգտագործել է ամեն ինչ ու բոլորին։ Նա ինքն է իր համար ճանապարհ հարթել՝ իր խորամանկությամբ, թիմեր, ընկերներ, սկզբունքներ փոխելու, թիմերից, ընկերներից, սկզբունքներից առանց ցավի ու բարդույթների հեռանալու իր հատկությամբ։
․․․ Իհարկե, 2018-ը մենք սխալմամբ հեղափոխություն անվանեցինք։ Բայց այն, հետագա տխուր դրսեւորումներից ու ձեւախեղումներից անկախ, մեծ շարժում էր։ Իրոք համաժողովրդական էր։ Այն չլինել չէր կարող։ Քոչարյանի երկրորդ ժամկետից սկսած՝ ընթացքը դրան է բերել։ Խաղաղ ցույցերի նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ցինիկ ընտրախախտումները, քաղաքական հետապնդումները, 2008-ի նախագահական ընտրությունները, մարտի 1-ն ու դրան հաջորդած զարգացումները անհետեւանք մնալ չէին կարող։ Վերջին կաթիլը դարձավ Սահմանադրությունը փոխելով Սերժ Սարգսյանի իշխանությունը հարատեւ դարձնելը։ Մեր քաղաքացին այդ մարտահրավերը չընդունել ու դրան չպատասխանել չէր կարող։
Փաշինյանը, որ երկու ժամկետ պատգամավոր լինելով, ամբիոն ու հնարավորություններ ունենալով՝ հասցրել էր քաղաքական ու կուսակցական գործչի համբավ ձեռք բերել, օգտագործեց ժողովրդի արդարացի բողոքն ու այդ հուժկու բողոքի ալիքին հեծած իշխանության եկավ։ Եկավ իշխանության, առաջին դեմք դարձավ, բայց պետական մտածողություն ձեռք չբերեց, պետության նկատմամբ պատասխանատվությունը չգիտակցեց, ՄԱԿ-ի ամբիոնի իմաստը չհասկացավ։
Այդ պատճառով էլ ունեցավ այն ելույթը, որն ունեցավ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։