Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է փոփոխություններ կատարել միջուկային զսպման պետական դոկտրինում: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարում ընդլայնել ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց ի պատասխան՝ Մոսկվան իրեն իրավասու կհամարի միջուկային զենք կիրառելու։
Դոկտրինի նոր տարբերակը նախատեսում է միջուկային զենքի կիրառում ոչ միայն Ռուսաստանի դեմ միջուկային հարձակման, այլ նաեւ սովորական զինատեսակների կիրառմամբ հարձակումների դեպքում։
«Հստակ ամրագրված են Ռուսաստանի՝ միջուկային զենքի կիրառմանն անցնելու պայմանները։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ ստանանք հավաստի տեղեկություն օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման եւ մեր պետական սահմանը հատելու մասին: Նկատի ունեմ ռազմավարական եւ մարտավարական ինքնաթիռներ, թեւավոր հրթիռներ, դրոններ, գերձայնային եւ այլ ինքնաթիռներ»,- ասել է Պուտինը։
Ընդհանուր առմամբ, առաջարկվում է հաստատել Ռուսաստանի իրավունքը՝ միջուկային համազարկ գործարկել գրեթե ցանկացած գործողության դեպքում, որը կարող է «կրիտիկական վտանգ ներկայացնել երկրի ինքնիշխանության համար»:
Բացի այդ՝ Ռուսաստանն իրեն իրավասու կհամարի միջուկային զենք օգտագործելու պաշտպանելու համար Բելառուսին՝ որպես Միութենական պետության անդամի։
«Իրավունք ենք վերապահում օգտագործելու միջուկային զենք Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես Միութենական պետության անդամների։ Այս բոլոր հարցերը համաձայնեցված են բելառուսական կողմի հետ՝ Բելառուսի նախագահի հետ։ Այդ թվում, եթե հակառակորդը սովորական զենքի կիրառմամբ կրիտիկական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաեւ առաջարկում է «ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ» Ռուսաստանի դեմ իրականացված ռազմական գործողությունները դիտարկել «որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա»։
Ըստ ՌԴ նախագահի՝ միջուկային զսպման ենթակա պետությունների եւ ռազմական դաշինքների ցանկը պետք է ընդլայնվի, սակայն չի նշել, թե որ երկրները կներառվեն նոր ցանկում։
Այս տարվա հուլիսի 7-ին, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում, Պուտինը չբացառեց միջուկային դոկտրինի փոփոխությունը, սակայն նշել էր, որ այժմ միջուկային զենքի կիրառման մասին «նույնիսկ մտածելու» կարիք չկա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը՝ նշելով, որ «Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանում աշխարհին վախեցնելու այլ գործիքներ չկան, սակայն այդ գործիքները չեն աշխատի»։