Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտը (PIK) հայտնել է, որ Նոբելյան մրցանակի ավելի քան 120 դափնեկիրներ Մեծ յոթնյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայում անցկացվելիք գագաթնաժողովի նախօրեին ստորագրել են հռչակագիր, որտեղ պետությոնների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են արել ակտիվացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը:
«Աշխարհին սպառնում են կենսոլորտում հեռահար անդառնալի փոփոխություններ: Անուղղելի այդ փոփոխությունները կանխելու համար ժամանակ չի մնում»,- ահազանգել են գիտնականները:
Նոբելյան մրցանակի դափնեկիրները պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկելու մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ կրճատելու ուղղությամբ:
Ապրիլի վերջին Նոբելյան մրցանակի դափնեկիրները եւ գիտության, տնտեսության եւ մշակույթի այլ գործիչներ քննարկել են ընթացիկ տասնամյակում բոլորի համար լավագույն ապագան ապահովելու նպատակով ձեռնարկվելիք գործողությունները:
PIK-ի ղեկավար Յոհան Ռոկստրյոմը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից նախկինում երբեք նման ակնհայտ կոչ չի եղել մարդկությանը: «Նրանք հանգել են այն եզրակացությանը, որ մարդկությունը անթույլատրելի վտանգի առաջ է կանգնած: Վտանգը վիթխարի է, եւ դրա կանխմանը միտված անհրաժեշտ միջոցները կլինեն աննախադեպ»,- եզրափակել է Ռոկստրյոմը: