Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ ձեռքը պարզելու հեռավորության վրա է։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի իր ելույթում։
Հայաստանի վարչապետը նշել է, որ նման կարծիք հայտնելու համար ունի մի քանի կոնկրետ պատճառ, որոնցից առաջինը օգոստոսի 30-ին ստորագրված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Ըստ Փաշինյանի՝ սրա կարեւորությունն այն է, որ այն կողմերի միջեւ առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է եւ որ հիմքում ունի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն»,- հայտարարել է ՀՀ վարչապետը եւ հավելել, որ մնում է կատարել հաջորդ քայլն ու ստորագրել «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը»:
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարեց Համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթները ստորագրելու Հայաստանի պատրաստակամաության ու առաջարկի մասին՝ ընդգծելով, որ Համաձայնագիրն ունենալուց հետո մյուս հարցերի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել հետագայում։
«Որքան էլ համապարփակ լինի որեւէ պայմանագիր, բազմաթիվ կարեւոր հարցեր դեռեւս հասցեագրվելու կարիք են ունենում։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածները, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու եւ ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, Խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ այլ կարեւոր դրույթներ են պարունակում»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։
«Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` Խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե յուրե խաղաղության առկայությունը առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնեն մեր կառավարությունների եւ ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի եւ ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մյուս խնդիրների լուծմանը»,- նշել է վարչապետը։
Ելույթում Փաշինյանը նաեւ կտրականապես հերքել է Ադրբեջանից հնչող այն պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը Բաքուն որպես հիմնական խոչընդոտ է որակում Խաղաղության համաձայանգրի համար։ Նա կրկին հակադարձելով պնդել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Վարչապետը ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է գրավոր հիմնավորում տալու այս հարցերով հետաքրքրվող միջազգային բոլոր գործընկերներին։
ՀՀ գործադիրի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության համաձայնագրի համար խոչընդոտ չի համարում, փաստաթղթի նախագծի համաձայնեցված մասում կա հետեւյալ ձեւակերպումը․ «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո ուղարկվելու է Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեեւ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը միեւնույն ժամանակ նշել է, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի։
Վկայակոչելով Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը` վարչապետն ընդգծել է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն Հայաստանի ներքին օրենսդրության նկատմամբ, եւ հետեւաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո, եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին եւ ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունը, ըստ Փաշինյանի, կգործի Ադրբեջանի պարագայում։
«Ահա տեսնում եք, որ խաղաղությունն այնքան մոտ է, եւ մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել եւ վերցնել այն: Դա հեշտ չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, եւ այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների: Ցավը շատ խորն է եւ մեծ։ Բայց հիմա մենք պիտի կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետեւ խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի ժողովուրդներին: Այդ ճշմարտությունը կբացի բոլորիս աչքերը, կփակի թշնամության աղբյուրները եւ բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա»,- ասել ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ այդ ապագային է միտված նաեւ Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավտոմոբիլային, երկաթուղային եւ այլ հաղորդակցությունները բացելն է, այլեւ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ ամբողջ տարածաշրջանի միջեւ կապի ապահովումը, ինչպես նաեւ խողովակաշարերի եւ մալուխների անցման, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարեւորագույն եւ առանցքային գործոն է խաղաղության համար։
«Խաղաղության եւ զարգացման առանցքային գործոն է նաեւ այն, որ այդ ամենը տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա, եւ մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացելու թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ մեր մյուս հարեւանների ու գործընկերների համար, եւ պատրաստ ենք դա անելու նույնիսկ այսօր: Հենց այսօր»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաեւ նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է լինել միջին միջանցքի մաս՝ ապահովելով դրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը: Փաշինյանը նաեւ վստահեցրել է, որ Հայաստանն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովելու բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը։