Գյումրու Հայ կաթողիկե աթոռանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի է ունեցել Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության կարգը. այսուհետեւ նա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթոլիկների հոգեւոր առաջնորդն է:
Գահակալության կարգը կատարել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Հայրապետ նորին ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր-Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը, որ 2011-2021 թվականներին ինքն էր Արեւելյան Եվրոպայի հայերի հոգեւոր առաջնորդը:
Գահակալության արարողությանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած Կաթողիկե եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոնտինյին, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հազարավոր հավատացյալներ:
Գահակալության ընթացքում ընթերցվել է Հռոմի սրբազան քահանայապետի կոնդակը. «Հաշվի առնելով մեր առաքելական կաթողիկե ինքնությունը՝ անվանում ենք քեզ Արեւելյան Եվրոպայի հայ կաթոլիկ հավատացյալների սրբազան առաջնորդ՝ քեզ հանձնելով հայոց տիտղոսավոր աթոռը»,- ասված էր Ֆրանցիսկոս պապի սրբազան ուղերձում:
Հայ կաթողիկե եկեղեցու նոր առաջնորդը մինչեւ ձեռնադրությունը վարում էր Զմմառի պատրիարքական կղերի Միաբանության պատրիարքական փոխանորդի եւ Զմմառի վանքի մեծավորի պաշտոնը: Նրան տրվել է նաեւ Սեբաստիայի հայերի արքեպիսկոպոսական աթոռը՝ արքեպիսկոպոսի տիտղոսով:
Մինչեւ Նորատունկյանի գահակալությունը 2022 թվականից Նորին սրբություն Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը թափուր աթոռի առաքելական կառավարիչ էր նշանակել Գերապատիվ հայր Միքայել վարդապետ Բասսալեին։
«Իրար պետք է վստահենք մաքուր խղճմտությամբ եւ ուղղամտությամբ: Գուցե շատերդ մտածեք, որ այս օրերն այնքան էլ փայլուն չեն, մութ ամպերով են պատված… Ճիշտ եք, չեք սխալվում, բայց պետք է ամեն րոպե մտածենք փառավոր անցյալի էջերին վերադառնալու մասին: Ճիշտ է, նման հարցերը քաղաքական դաշտում են լուծվում, բայց մենք էլ մեր հավատով կարող ենք նեցուկ լինել մեր պայծառ գալիքի կերտմանը: Աղոթենք միմյանց համար»,- հավատավորներին ասել է հայ կաթոլիկների նորանշանակ առաջնորդը:
Հայ կաթոլիկները Շիրակի մարզում
Կաթոլիկ հայոց պատմությունը Հայաստանում երկար ճանապարհ է անցել։ Արմատները ձգվում են մինչեւ 451 թվականի Քաղկեդոնի եկեղեցական ժողովը, իսկ այժմյան համայնքները ձեւավորվել են անցած դարասկզբի ոճրագործության՝ Հայոց եղեռնից հետո Կարինից, Էրզրումից, Ալաշկերտից, Մուշից եւ այլ բնակավայրերից զանգվածային տեղահանության եւ Արեւելյան Հայաստան փոխադրվելու հետեւանքով:
Շիրակի մարզում այժմ հայ կաթոլիկների թիվը շուրջ 19000 է, որից 10000-ն ապրում են Գյումրիում, մյուսները՝ մարզի կաթոլիկ այլ համայնքներում:
Հայ կաթոլիկ նախնիները Շիրակի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի եւ Լոռու շրջաններում հիմնել են մի քանի տասնյակ գյուղեր։ Համայնքներ կան նաեւ Ջավախքի Նինոծմինդա, Ախալքալաք, Ախլցխա շրջաններում։
Խորհրդային տարիներից հետո փակված նվիրապետությունները կրկին բացվել են: 1991 թվականին Հռոմի սրբազան պապ Հովհաննես-Պողոս Բ-ն ստեղծել է առանձին Առաջնորդարան-թեմ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաթոլիկ հայերի համար՝ առաջնորդ նշանակելով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ներսէս վարդապետ Տեր-Ներսեսյանին։
Դրան հաջորդել են Հռոմի պապի Հայաստան այցն ու մասնավորապես շիրակցիների համար անչափ կարեւոր՝ Աշոցքում «Նարեկի Տիրամայր» հիվանդանոցի բացումը, որը Հռոմի քահանայապետի նվերն էր հայ ժողովրդին։ Առողջապահական այս հաստատությունը նպատակ ուներ լուծելու 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժից տուժած ու խիստ կարիքավոր ժողովրդի առողջության խնդիրները:
1992-ին Հայ կաթոլիկ համայնքը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում, իսկ Գյումրիում 1993-ից սկսել է գործել Հայ կաթողիկե առաջնորդարանը։ Ակտիվացել է նաեւ Փանիկի, Արեւիկի, Լանջիկի, Ազատանի, Ձիթհանքովի, Մեծ-Սեպասարի, Արփենիի, Սարագյուղի, Սիզավետի եկեղեցական կյանքը։ Ամեն կիրակի Սուրբ պատարագ է մատուցվում, կատարվում են կրոնական արարողություններ՝ մկրտություն, պսակ, թաղում, տնօրհնեք, ջրօրհնեք եւ այլն։
Հայ կաթոլիկ համայնքի նորագույն պատմության մեջ նշանակալից էր 2001 թվականը։ Քրիստոնեության՝ որպես պետական կրոնի հռչակման 1700-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան հովվական այց կատարեց Հռոմի սրբազան պապ Հովհաննես-Պողոս Բ-ն։ Հայր Ներսես արք. Տեր-Ներսեսյանը պատմական իր ակնարկում այս իրադարձությունը ներկայացրել է որպես «հոգեւոր հրճուանքի եւ երկնային առատազեղ շնորհների հեղման օրեր»։
2015 թվականին՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին, 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին Սրբոց Նահատակաց անունով օծվեց Հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին՝ դռները բացելով Շիրակի մարզի շուրջ 20 հազար կաթոլիկների առջեւ: Մինչ այդ սուրբ պատարագն ու եկեղեցական մյուս ծեսերը կատարվում էին Առաջնորդարանի մատուռում:
2016 թվականը նույնպես կարեւոր էր հայ կաթոլիկների համար։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում՝ Ամենափրկիչ ու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցիների միջակայքում: Պատարագը մատուցվեց լատին ծեսով, բայց ուղեկցվեց հայերեն երգեցողությամբ:
Նշենք, որ բազմաթիվ կաթոլիկներից ոմանք պատարագի մասնակցում են նաեւ Հայ առաքելական եկեղեցում։ Կաթոլիկ հոգեւորականները դա բնական են համարում եւ ասում. «Ավելին՝ ուրախ ենք, որ մասնակցում են Սուրբ պատարագի. կարեւորը մարդու հոգու փրկությունն է, եկեղեցին միավորում է, ոչ թե պառակտում››:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։