Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ։
Սպիտակ տանը կայացած ընդունելությունից առաջ մամուլի համար բացման խոսքում նախագահ Բայդենը հայտարարեց Ուկրաինային 2,4 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին: Ինչպես նշել է Պենտագոնը, այս փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և օդ-երկիր տեսակի հրթիռներ։ Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները մինչև Բայդենի պաշտոնավարման ավարտը Ուկրաինային կհատկացնի ութ միլիարդ դոլար։
Զելենսկին էլ իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահին է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»։
«Մենք քննարկել ենք ծրագիրն ամրապնդելու մանրամասները, համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները, տեսակետներն ու մոտեցումները։ Մեր թիմերին հանձնարարել ենք խորհրդակցել հետագա քայլերի վերաբերյալ»,-բանակցություններից հետո ասել է Զելենսկին։
Բայդենի վարչակազմի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները եւս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայում՝ Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի ղեկավարների մակարդակով, որտեղ կքննարկեն Զելենսկու «հաղթանակի ծրագիրը»։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Բայդենի եւ Զելենսկու հանդիպումից հետո Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռային հարվածների սահմանափակումները չեղարկելու վերաբերյալ որոշում չի սպասվում։
Փոխնախագահ Հարիսն էլ Զելենսկու հետ հանդիպմանը նշել է, որ իր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան։ Նա հերքել է ամերիկյան մի շարք գործիչների այն տեսակետները, թե Ուկրաինան խաղաղության համար պետք է իր տարածքները զիջի Ռուսաստանին։
«Դա նման է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հայտարարություններին։ Նա չի առաջարկում հաշտություն կնքել, նա առաջարկում է կապիտուլյացիա։ Սա վտանգավոր է եւ անընդունելի»,- ասել է Հարիսը: