Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը վաղվանից իրավունք չի ունենա թռիչքներ իրականացնելու Եվրամիության երկրներ։
ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր պաշտոնապես հաստատել են այս որոշումը, որն ուժի մեջ կմտնի արդեն կեսգիշերին։
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Եվրամիության երկրները մերժում են «Բելավիա»-ին։ Եվրոպական օդանավակայանները սկսել են հրաժարվել «Բելավիա» ինքնաթիռների ընդունումից եւ որոշում են ընդունել չմտնել Բելառուսի երկինք:
Բելառուսի երկնքով թռիչքները դադարեցրել են ֆրանսիական Air France-ը, ֆիննական Finnair-ը, լատվիական airBaltic-ը, հոլանդական KLM-ը, հունգարական Wizz Air-ը, սկանդինավյան SAS-ը, գերմանական Lufthansa-ն եւ այլն: Չեղարկվել են դեպի Վիլնյուս, Լոնդոն, Փարիզ չվերթները։
Եվրամիության պետությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում Ryanair ավիաընկերության օդանավի անձնակազմին վայրէջքի հարկադրելը եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրող Ռոման Պրոտասեւիչին ու նրա ընկերուհուն:
ԵՄ գագաթնաժողովը մայիսի 24-ին որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռչել Եվրամիության օդային տարածքով, ինչպես նաեւ առաջարկել է եվրոպական ավիափոխադրողներին հրաժարվել թռիչքներից այդ երկրի օդային տարածքով:
Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են «Բելավիա»-ի նոր չվերթների բացման շուրջ:
«Բելավիա»-ի հայաստանյան չվերթները չեն չեղարկվել: