Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպել են Նյու Յորքի Trump Tower-ում, հայտնում է ուկրաինական «Европейская правда» պարբերականը։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։
«Կարծում եմ՝ մենք ընդհանուր տեսակետ ունենք, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի, եւ Պուտինը չի կարող հաղթել։ Ուկրաինան պետք է հաղթի։ Եվ ես ցանկանում եմ ձեզ հետ քննարկել «Հաղթանակի ծրագրի» մանրամասները»,- հանդիպման սկզբում ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ—ում նախագահական ընտրությունների նախաշեմին։ Նրա խոսքերով՝ նոյեմբերից հետո արդեն կարեւոր է քննարկել Կիևի եւ Վաշինգտոնի համատեղ քայլերը, եւ հենց այս պատճառով է որոշել հանդիպել նախագահի երկու թեկնածուների հետ։
Իր հերթին Թրամփը կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությունը, որ եթե հաղթի ընտրություններում, ապա Ուկրաինայի պատերազմի «հարցը արագ կլուծի»։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք [Զելենսկու հետ], եւ ես նաեւ շատ լավ հարաբերություններ ունեմ, ինչպես գիտեք, Պուտինի հետ։ Եվ ես կարծում եմ, որ եթե հաղթենք [ընտրություններում], մենք շատ արագ կլուծենք դա»,- ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 26-ին Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ։
Սա Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի առաջին անմիջական հանդիպումն է հինգ տարվա ընթացքում։ Դա տեղի է ունենում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ուկրաինայի նախագահի հասցեին հանրապետական թեկնածուի հնչեցրած քննադատության ֆոնին։
Օրինակ՝ սեպտեմբերի 24-ին, ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Թրամփը Զելենսկուն անվանել էր «Երկրի ամենամեծ վաճառողը»՝ հավելելով, որ «յուրաքանչյուր անգամ Միացյալ Նահանգներ գալիս Զելենսկին հեռանում է 100 միլիարդ դոլարով»։