Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը պաշտոնապես հաստատել է իր գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին տեղեկությունը։
Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն էր Նասրալլայի մահվան մասին հայտարարություն տարածել, որի համաձայն՝ նա սպանվել էր Բեյրութում «Հըզբոլլահի» ստորգետնյա շտաբին հասցված ավիահարվածի ժամանակ։
«Նորին վսեմություն Սայեդ Հասան Նասրալլան՝ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարը, միացավ իր վեհ ու անմահ նահատակ ընկերներին, որոնց ճանապարհով նա գնացել է երեսուն տարի՝ 1992-ին դառնալով Իսլամական դիմադրության նահատակների առաջնորդի փոխանորդը, որի ընթացքում նա նրանց տարել է հաղթանակից հաղթանակ՝ 2000 թվահանին Լիբանանի ազատագրումից, 2006 թվականի աստվածաշնորհ հաղթանակից եւ պատվի ու զոհաբերության ճակատամարտերից հասցնելով մինչեւ Պաղեստինի հերոսական դիմադրության եւ Գազայի ու ճնշված պաղեստինյան բնակչության աջակցության ճակատամարտին»,-ասված է «Հըզբոլլահի» պաշտոնական հաղորդագրության տեքստում։
Շարժումը նաեւ հայտարարում է, որ Իսրայելի դեմ պայքարը շարունակելու է եւ այն հասցնելու է հաղթական ավարտի։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հարվածի հիմնական թիրախը եղել է հենց «Հըզբոլլահի» առաջնորդը։
Հասան Նասրալլան լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը ղեկավարում է 1992 թվականից՝ իր նախորդի՝ գլխավոր քարտուղար Աբբաս Մուսավիի մահից հետո, որը սպանվել էր իսրայելական օդուժի հրթիռային հարվածների հետեւանքով։