Կոտայքի մարզում՝ Առինջում հաստատված Ալյոնա Սարգսյանն առաջին անգամ բռնագաղթել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտից 2023-ի սեպտեմբերի 26-ին։
Ալյոնան Արցախի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի կերպարվեստի բաժնում էր սովորում։ Տեղահանվելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Ալյոնայի մասին նախորդիվ հրապարակում էինք պատրաստել։ Այդ հարցազրույցից շուրջ մեկ տարի է անցել, բայց խնդիրները պակասելու փոխարեն ավելացել են։ Ալյոնան մինչ օրս աշխատանք չի գտել։
Ստեփանակերտում փոքրիկ բիզնես էր սկսել․ նկարում է էկո-պայուսակների, շապիկների վրա, գործում, ասեղնագործում։
Առինջում հաստատվելուց հետո էլ փորձում է աշխատանքը շարունակել, բայց պատվերները շատ քիչ են, գրեթե չկան։ Վերջին ամիսներին բոլորովին պատվեր չի ունեցել, մի քանի օր առաջ է դիմանկարի պատվեր ստացել ու շատ է ուրախացել։
Ալյոնան նաեւ հագուստի մոդելավորող է, շատ կուզենար այս ոլորտում էլ աշխատել, համագործակցել ընկերությունների հետ։ Բազմաթիվ կազմակերպությունների է դիմել, բայց ապարդյուն․․․ Երազում է, որ մի օր արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու, հեռավար աշխատելու հնարավորություն կունենա։
«Որպեսզի իմ բիզնես-էջը զարգանա, պետք է ավելի շատ նյութեր գնեմ, նկարեմ, էջում տեղադրեմ, բայց հիմա պարագաներ գնելու հնարավորություն չունեմ։ Իսկ եթե ավելի շատ պատվերներ ունենամ, իմ փոքր բիզնեսը նոր թափ կառնի։
Ընդունում եմ պատվերներ. նկարում կամ ասեղնագործում եմ շապիկների, պայուսակների վրա։ Նաեւ գործում եմ։
Եթե լինեն ընկերություններ, որոնց հետ հնարավոր լինի համագործակցել, ես, իհարկե, սիրով կաշխատեմ»,- ասում է Ալյոնան։
Խոսելով պետության կողմից տրամադրվող աջակցության մասին՝ Ալյոնան պատմում է՝ ամբողջապես չի ստացել իրեն հասանելիք գումարը։
«Հիմա յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ ստանում եմ, բայց մի քանի ամիս չեմ ստացել։ 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2023 թվականի մարտը պետք է անսական 40 000 + 10 000 դրամ ստանայի, բայց այդպես էլ այդ գումարը չտվեցին։ Դրանից բացի՝ այդ ժամանակահատվածում ամսական 50-հազարական դրամ պետական աջակցություն էր տրամադրվում։ 2023 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին էլ այդ 50-հազարական դրամը չեմ ստացել։ Ահագին գումար է, եւ շատ հոգսեր կկարողանայի հոգալ դրանով, եթե թեկուզ հիմա փոխանցեին»,- պատմում է Ալյոնան։
Նա պարբերաբար փաստաթղթեր է ներկայացրել համապատասխան մարմիններին, բայց ապարդյուն։
«Ամուսնուս ընտանիքի հետ եմ բռնագաղթել Արցախից՝ նույն օրը։ Նրանք իրենց հասանելիք սոցիալական աջակցությունն այդ ամիսներին ստացել են, իսկ ես՝ ոչ։ Անդադար ասում են՝ պետք է առցանց նոր դիմում գրել, հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչպես, որտեղ լրացնել այդ դիմումը, բայց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեմ, որոնք կարող են ապացուցել, թե երբ եւ որտեղ եմ բնակվել»,- ասում է Ալյոնան։
Զրույցի վերջում Ալյոնան հորդորում է՝ իր մասին գրենք այնպես, որ ընթերցողները հասկանան՝ իրեն ոչ թե փող է պետք, որ ծախսի, այլ բիզնեսի զարգացման համար ներդրում, աջակցություն կամ փոխշահավետ համագործակցության առաջարկ։
«Ես աշխատելու, արարելու հնարավորություն եմ ուզում ունենալ։ Ես պատրաստ եմ աշխատելու, ջանալու»,- ասում է Ալյոնան։
Ալյոնայի պատրաստած աշխատանքները պատվիրելու կամ նրա հետ համագործակցելու համար կարելի է զանգահարել նրան 098 86 50 75 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։