Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ աջ պոպուլիստական «Ազատության կուսակցությունը», որը գլխավորում է Հերբերտ Քիքլը, խորհրդարանում կունենա ամենաշատ տեղերը:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկների արդյունքներով՝ կուսակցությունը ստացել է 29,2% քվե։ Ներկայիս կանցլեր Կառլ Նեհամմերի պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը» ստացել է ձայների 26,5%-ը։ Երրորդ տեղում է «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը»՝ ձայների 21%-ով։
Այսպիսով՝ ծայրահեղ աջերը երկրի 183-տեղանոց խորհրդարանում կստանան 58, պահպանողականները՝ 52, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 41 մանդատ։
Սպասվում է, որ Քիքլը կառավարություն ձեւավորելու հնարավորություն կունենա, թեեւ պարզ չէ, թե ով կարող է կոալիցիա կազմել նրա հետ: Կանցլեր Նեհամմերը եւ սոցիալ-դեմոկրատները մերժել են ծայրահեղ աջերի հետ հնարավոր դաշինքը՝ նման քայլը համարելով ժողովրդավարության սպառնալիք:
«Ազատության կուսակցությունը» ժամանակակից Ավստրիայի ամենահին կուսակցություններից է, 1959 թվականից ի վեր այն միշտ կարողացել է իր տեղն ապահովել խորհրդարանում, սակայն մինչ այժմ երբեք առաջին տեղը չի զբաղեցրել ընտրություններում։
Կուսակցության ղեկավար 55-ամյա Հերբերտ Քիքլը համարվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավոր դաշնակիցը։
Ուկրաինայի պատերազմի համար Քիքլը մեղադրում է ՆԱՏՕ-ին եւ հաճախ է հայտարարում, որ դա առաջին հերթին ձեռնտու է ԱՄՆ-ին։ Բացի այդ՝ կուսակցությունը դեմ է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին՝ համարելով, որ դրանց աջակցությունը շահեկան չէ Ավստրիայի համար, ինչպես նաեւ խախտում է երկրի չեզոքությունը։