Շվեյցարիայի կառավարությունը Իտալիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սառցադաշտերի հալման պատճառով Մատերհորն լեռան գագաթի շրջանում սահմանները փոփոխելու շուրջ։ Սա պատմականորեն համարվել է երկու երկրների սահմանը, հայտնում է Bloomberg-ը։
«Սահմանի մեծ հատվածները սահմանվում են ջրբաժաններով կամ սառցապատ լեռնաշղթաներով, ֆիրնով [բյուրեղացված ձյուն ] կամ մշտական ձյունով։ Այս գոյացությունները փոխվում են սառցադաշտերի հալման պատճառով»,- ասվում է Շվեցարիայի կառավարության հայտարարության մեջ, որը տարածվել էր սեպտեմբերի 27-ին։
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Շվեյցարիայի եւ Իտալիայի համատեղ հանձնաժողովը երկար տարիների քննարկումներից հետո սահմանը փոխելու համաձայնություն է ձեռք բերել 2023 թվականի մայիսին։
Երկրները պայմանավորվել են փոխել սահմանը Շվեյցարիայի Զերմատ լեռնադահուկային հանգստավայրի եւ իտալական Վալե դ’Աոստայի տարածքում՝ Մատերհորնի մոտակայքում: Կողմերը նաեւ համաձայնել են սահմանը փոխել այնպիսի տեսարժան վայրերի մոտ, ինչպիսիք են Տեստա Գրիգիա ժայռը եւ Պլատո Ռոզա սառցադաշտը:
Իտալիայի իշխանությունները դեռ չեն հաստատել սահմանների փոփոխությունները։
Ըստ Շվեյցարիայի Գիտությունների ակադեմիայի տվյալների, որը մեջբերում է Bloomberg-ը, 2023 թվականին Շվեյցարիայի սառցադաշտերը կորցրել են իրենց ծավալի 4%-ը, սակայն դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում հալման ռեկորդ գրանցվել է 2022 թվականին, երբ սառցադաշտերը կորցրել են իրենց ծավալի 6%-ը։