2011 թվականին Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր զու Գուտենբերգը հրաժարական տվեց։ Բացահայտվել էր, որ դոկտորական ատենախոսությունում գրագողություն է արել։ «Գուտենբերգի գրագողության սկանդալը» լայնորեն տարածվեց, հանգեցրեց հանրային բողոքի եւ գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը:
Նախարարի հրաժարականն ընդգծեց պետական պաշտոնյաների էթիկական վարքականոնի կարեւորությունը Գերմանիայում:
Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում սկանդալներից եւ ձախողումներից հետո պետական պաշտոնյաների կամովի հրաժարականը, ի տարբերություն Հայաստանի եւ հետխորհրդային այլ երկրների, ընդունված երեւույթ է։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հրաժարական տվեց 2021-ին՝ այն բանից հետո, երբ պարզվեց, որ խախտել է Քովիդ-19 համավարակի օրերին սոցիալական հեռավորություն պահելու պահանջը՝ մոտ կանգնելով եւ համբուրելով իր օգնականին։
Իսկ 2012-ին հրաժարական տվեց Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը։ Նա օպերային ներկայացման տոմսեր էր նվեր ընդունել։ Իհարկե, նախքան այս միջադեպը Վուլֆն այլ նվերներ ու բարեհաճություններ եւս ընդունել էր։ Թեպետ նվերներն այնքան էլ թանկարժեք չէին, բայց նախագահը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ կորցրել է գերմանացիների վստահությունը։
Նշանակալի է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը:
Մեղադրանքները սկսվել էին դեռ քովիդի շրջանից, երբ հայտնի դարձավ, որ նա համավարակի օրերին իր պաշտոնական առանձնատանը խնջույքներ ու հավաքույթներ է կազմակերպել։ Իրավիճակն ավելի լարվեց, երբ սեռական ոտնձգությունների համար կասկածվող իր կուսակցին՝ Քրիս Փինչերին, նա նշանակեց պատասխանատու պաշտոնի, հետո ներողություն խնդրեց՝ ստելով, թե տեղյակ չի եղել գործընկերոջ պահվածքից, ապա ներում խնդրեց ստելու համար։
Ջոնսոնի հրաժարականին հասնելու համար մեկ օրում կառավարության մոտ 30 անդամ հրաժարական տվեց։ Անվստահություն էին հայտնում նույնիսկ նրա պահպանողական գործընկերները։ 2022 թվականի հուլիսի 7-ին նա հրաժարական տվեց։ Բորիս Ջոնսոնն այժմ հեռուստահաղորդավար է։
Տարբեր երկրներում սկանդալներից, պաշտոնեական դիրքի չարաշահման միջադեպերից, քաղաքական եւ այլ ձախողումներից հետո կամավոր հրաժարականներ տալու դեպքերը շատ են։ Իսկ ի՞նչ պատկեր ունենք Հայաստանում։
Թքել քաղաքացու դեմքին ու մնալ պաշտոնում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2023-ին թքեց իրեն դավաճան անվանած Կարեն Մկրտչյանի երեսին։ Նա չհերքեց միջադեպի մասին լուրը։ Չորս օր անց միայն ներողություն խնդրեց ՀՀ բոլոր քաղաքացիներից։ Հատկանշական է, որ Կարեն Մկրտչյանը ՀՀ քաղաքացի չէ։
Չնայած հանրային դժգոհությանն ու տեղական ՀԿ-ների պահանջներին՝ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ այլ պաշտոնյաներ մի քանի անգամ հայտարարեցին, որ ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց չի քննարկվում։
15 ժամկետային զինծառայողի մահ խաղաղ պայմաններում
Ազատի զինվորական կացարանի հրդեհը 15 զինվորի կյանք խլեց։ Դեպքի քննությունը շարունակվում է, իսկ քաղաքական պատասխանատվություն ստանձնող դեռ չկա։ Պաշտոնից հեռացվեցին որոշ զինվորականներ, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի հարցը ՔՊ-ում տեղին չէին համարում։
Վարչական ռեսուրսի կիրառում եւ անհայտ ծագման գումարներ
Երեւանի քաղաքապետի 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանը ցուցակը ձեռքին շրջում էր քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին հավաքված մարդկանց շարքերով, հարցնում, թե որ կառույցից են, եւ արդյոք ըստ ցուցակի բոլորն են եկել։ Մանկապարտեզից մինչեւ հիվանդանոցների աշխատակիցներ հաստատում էին, որ ամբողջ կազմով տեղում են, կամ արդարանում էին մեկ-երկու հոգու բացակայության համար։
Բլոգեր-ակտիվիստը հստակ ցույց տվեց, որ պետական կառույցների աշխատողներին հրահանգներ են եղել՝ մասնակցելու Տիգրան Ավինյանի քարոզարշավներին։ Իհարկե, վարչական ռեսուրսի կիրառման մասին Չախոյանի բոլոր հայտարարություններն ու փաստերը մնացին անարձագանք։
Իսկ «Ինֆոքոմ»-ի հետաքննությունը ցույց տվեց, որ քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանը անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից։ Վարչապետ Փաշինյանը, ասուլիսներից մեկում խոսելով հետաքննության մասին, չէր նկատում ապօրինության որեւէ տարր կամ կոռուպցիոն սխեմա։ Փոխարենը տեղի ունեցածը համարում էր Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացման վառ ապացույց. չէ՞ որ ՔՊ-ն համաձայնել էր ԶԼՄ-ներին փոխանցել նվիրատուների ցանկը։ Ի դեպ, ցուցակը ստանալու՝ լրատվամիջոցների հարցումներն ամիսներ շարունակ ՔՊ-ն մերժել էր եւ տրամադրել միայն այն բանից հետո, երբ դատական հայց էր ներկայացվել:
Այս անգամ էլ ոչ ոք հրաժարական չտվեց, քրեական գործ չհարուցվեց. հանցանքի հիմքեր չկային։
Գրքի ճգնաժամը դպրոցներում
2023-ի սեպտեմբերին 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում 10 դպրոցական առարկաների դասագիրք չկար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում էին, որ նոր դասագրքերի ստեղծման մրցույթները ձախողվել են, եւ չեն հասցրել ժամանակին ավարտել։ Այս դեպքում եւս պատասխանատվություն ստանձնող չեղավ։
35 միլիոն դոլար՝ փոխվարչապետի չրերի համար
2018-ին, երբ Տիգրան Ավինյանը դեռ փոխվարչապետ էր, «Իրիգեյթ» ՍՊԸ-ն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից 35 միլիոն դոլար աջակցություն է ստանում՝ չրերի արտադրություն զարգացնելու համար։
Աջակցությունը ստանալու պահին Ավինյանը դեռ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակից էր համարվում։ Նա մասնակիցների ցանկից դուրս է եկել միայն աջակցությունը ստանալուց հետո՝ 2018-ի հունիսի 5-ին։
Պաշտոնյաների հետ կապված շահերի բախման դեպքերը Հայաստանում բազմաթիվ են՝ Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետի սկեսրոջ ապօրինի շինարարությունից մինչեւ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորի՝ 40 միլիոն դոլար արժողությամբ համալիրի փայատեր լինելու փաստը։
Պաշտոնյաները սովորաբար այս գործերում արտասովոր ոչ մի բան չեն նկատում՝ ո՛չ շահերի բախում, ո՛չ պաշտոնեական էթիկայի խախտում եւ ո՛չ էլ հրաժարականի պատճառներ։
Ինչո՞ւ Հայաստանում չեն սիրում հրաժարական տալ
Պաշտոնյաները 13-րդ աշխատավարձ ու տարեկան մի քանի անգամ պարգեւավճարներ են ստանում, բնականաբար ունեն մեծ կապեր ու լծակներ։ Նրանցից շատերի բարեկամները՝ թոշակառու մայր, զոքանչ, քենի, եղբայր, ակտիվ բիզնեսով են զբաղվում, հաճախ հաղթում պետական գնումների մրցույթներում։ Պաշտոնը շատ հնարավորություններ է տալիս։ Պաշտոնը քաղցր բան է։
Ո՞ւր է տանում քաղաքական անպատասխանատավությունը
Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում ձախողումներից ու սկանդալներից հետո հրաժարականների դեպքերը, ինչպես նշեցինք, շատ են, Հայաստանում կրկնակի շատ են հակառակ դեպքերը։ Առաջնորդների հրաժարականները պահպանում են վստահությունը ժողովրդավարական համակարգերի նկատմամբ եւ սահմանում են հաշվետվողականության չափանիշ: Հայաստանում, սակայն, հրաժարականի մշակույթի բացակայությունը հանգեցնում է քաղաքական լճացման, հանրային վստահության քայքայման եւ հասարակության հիասթափության:
Հրաժարականի մշակույթը նշան է պատասխանատվության եւ ժողովրդավարության, որտեղ առաջնորդները ժողովրդի եւ ազգի շահերը վեր են դասում սեփական հավակնություններից: Հարցն այն է, թե Հայաստանի քաղաքական եւ վարչական ղեկավարները կգնան սեփական սխալները գիտակցելու եւ պատասախանտու լինելու ճանապարհով, թե կշարունակեն քանդել վստահության առանց այն էլ խարխլված հիմքերը:
Իհարկե, վերը նշված օրինակները, ինչպես ասում են, դեռ ծաղիկներն են։ Բայցեւայնպես բաց է մնում առանցքային հարցը՝ ինչո՞ւ է պատերազմում պարտված պետության «Թիվ 1 պատասխանատու» քաղաքական ուժը շարունակում կառավարել։
Հաջորդիվ կանդրադառնանք աշխարհում քաղաքական եւ գաղափարական թեմաներով հրաժարականներին։ Այդպիսիք եւս Հայաստանում շատ չեն, բայց եղել են։
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։