Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող երիտասարդական կազմակերպությունների երեք տասնյակ ներկայացուցիչներ Գյումրիում էին հավաքվել:
Նրանք մասնակցեցին «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատանքի թեմայով դասընթացին:
Որպեսզի երիտասարդական աշխատանք իրականացնող կազմակերպություններն ավելի որակյալ բովանդակությամբ հարստանան, կարողանան կրթել ապագա առաջնորդների, սոցիալական, քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող անհատների, կազմակերպիչները գործի էին դրել ուսուցման լավագույն մեթոդները:
Քառամյա ծրագիրը Եվրոպական միության եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից է ֆինանսավորվում: Իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Երիտասարդական ոլորտի փորձագետ, դաընթացավար Աննա Եղոյանը վերապատրաստումներ անցկացնելու երկարամյա փորձ ունի: Այս ծրագրի առանձնահատկությունը համարում է այն, որ շահառուն ոչ թե ինքը՝ երիտասարդն է, այլեւ երիտասարդի հետ աշխատանք իրականացնողը: Մասնագետը խիստ կարեւոր եւ առաջնային է համարում, որ երիտասարդական կազմակերպությունները, ծրագրեր իրականացնելուց բացի, իրենց աշխատանքի որակին հետեւեն: Ըստ նրա՝ մեզանում «երիտասարդական աշխատող» բարձրագույն կրթությամբ մասնագետներ չկան. բուհերում նման բաժիններ չեն գործում: Լավ մասնագետ ունենալու ամբողջ ծանրությունը քաղհասարակության ուսերին է:
Աննա Եղոյանը դասընթացի ավարտին փաստեց, որ Հայաստանի բոլոր մարզերից եկած մասնակիցների հետ աշխատելն արդյունավետ էր: «16 կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից տվյալ տարածաշրջանին բնորոշ, իրենց հանդիպած առանձին դեպքեր վերհանվեցին, քննարկվեցին»:
«Որն է մեր երկրում երիտասարդներին առնչվող ամենամեծ բացը» հարցին փորձագետի պատասխանը միանշանակ է. «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենք է պետք: Լավ լուր էլ կա՝ «սայլը տեղից շարժվում է»: Արդեն օրենքի նախագիծ է մշակվել, ներկայացվել Կառավարության վերջնական հաստատմանը: Եղոյանն ասում է՝ օրենքի շրջանառության մեջ դրվելուց հետո երիտասարդների խնդիրները կդառնան օրակարգային, եւ պետությունը համակարգված լուծում կտա դրանց: «Երիտասարդներին հուզող հարցերը չեն լուծվի միայն մեր պատկերացումների հիման վրա, այլեւ համատեղ ջանքերով կաշխատենք պետության հետ հօգուտ երիտասարդների»:
ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը դասընթացի շրջանակում ներկայացրեց երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագիծը: Ըստ նրա՝ այն խիստ անհրաժեշտ փաստաթուղթ է: «Երիտասարդությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունի, եւ հատուկ քաղաքականություն մշակելու կարիքը պետությունն ընդունում եւ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- վստահեցրեց նախարարության ներկայացուցիչը: Նա նշեց նաեւ, որ օրենքի ընդունումը երիտասարդն անմիջապես չի զգալու իր վրա, այն օգնելու է պետությանը, որ մշակի ծրագրեր, հստակ սահմանի իր անելիքը, իմանա երիտասարդի ակնկալիքն իրենից:
Արմավիրի «Մեծամոր երիտասարդական խորհրդարան» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստյոպա Ասրյանը դասընթացը շատ կարեւոր համարեց: Ստացածս գիտելիքը կօգնի երիտասարդական աշխատանքի բնույթն ավելի լավ հասկանալու եւ որպես երիտասարդական աշխատող մեր գործառույթներն ավելի հստակ պատկերացնելու համար»: Ստյոպան վստահեցնում է՝ վերադառնալուն պես սովորածը կկիրառի իր մարզում: Խոսելով Արմավիրի մարզի երիտասարդներին վերաբերող խնդիրներից՝ Ստյոպան առանձնացնում է երիտասարդ եւ կարողունակ ուժի արտահոսքը դեպի մայրաքաղաք: «Այժմ վիճակը փոքր-ինչ բարելավվել է. երիտասարդությունը մնում է մարզում շնորհիվ երիտասարդական աշխատանք իրականացնող կազմակերպությունների:
Դասընթացի մեկ այլ մասնակի՝ց Շուշանիկ Բոյախչյանը, «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կենտրոնն է ներկայացնում: Զբաղվում են համայնքային զարգացման ծրագրերի իրականացմամբ, երիտասարդական կենտրոն ունեն Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում: «Երիտասարդական աշխատանքով ենք զբաղվում, եւ համապատասխան գիտելիքը շատ կարեւոր է: Դասընթացից թե՛ գործնական, թե՛ տեսական գիտելիք ստացանք, որը կկիրառենք մեր համայնքներում»:
Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատանքային խումբը մտահոգիչ տվյալներ է ներկայացրել. ուսումնասիրություններ են կատարել եւ պարզել, որ թեեւ այսօր ամբողջ աշխարհում երիտասարդների թիվը աճում է, Հայաստանում ճիշտ հակառակն է: Վերջին տասնամյակներին երիտասարդների թիվը 900 հազարից նվազել է՝ հասնելով 750 հազարի:
Ոլորտի մասնագետները պնդում են, որ եվրոպական երկրներում երիտասարդների ուժը ճիշտ գնահատելու, նրանց ըստ արժանվույն ուշադրության արժանացնելու փորձը Հայաստանում կիրառելու շնորհիվ գոնե կկանխվի արդեն իսկ փոքրաթիվ երիտասարդների արտահոսքը, հետագայում էլ ծերացող հասարակությունը կսկսի երիտասարդանալ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։