«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը հայտնել է, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ, եւ Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Ըստ «Արմենպրեսի»՝ Արտակ Պողոսյանը շեշտել է, որ շուտով այլեւս թղթային տարբերակով ավարտական փաստաթուղթ չի լինի: Քաղաքացին իր այդ փաստաթուղթը e-verify կայքից միանգամից կարող է ներբեռնել ու ստանալ:
Պետպաշտոնյան նշել է, որ այս պահին էլեկտրոնային են կադաստրի սեփականության վկայականը, քաղաքացիական ակտերի գրանցման փաստաթղթերը, իսկ հաջորդ տարվանից դպրոցների ավարտական ամբողջ փաստաթղթերը կլինեն էլեկտրոնային:
Առաջիկայում կթվայնացվեն նաեւ միջին մասնագիտական կրթության եւ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական դիպլոմները: Մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով:
Փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի կիրառությունը մի շարք խոչընդոտներից, բյուրոկրատական քաշքշուկից ու կոռուպցիոն ռիսկերից խուսափելու, ինչպես նաեւ խնայողություն անելու հնարավորություն կընձեռի:
«Տարեկան առնվազն 20 միլիոն դրամ ծախսվում է միայն վկայականների տպագրության վրա, ինչը պետությունը կարող է չանել եւ տրամադրել այլ ծախսերի համար»,- ընդգծել է Արտակ Պողոսյանը: