Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա»՝ անընդունելի անձ է հայտարարել եւ արգելել նրա մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է X-ի էջում։
«Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հող»,- գրել է նախարարը։
Նրա խոսքերով՝ Գուտերեշը նաեւ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, եւ ոչ մի ջանք չի գործադրել շարժումը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու համար։
Կացը նշել է, որ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը «բիծ կմնա կազմակերպության պատմության մեջ», քանի որ նա «աջակցում է ահաբեկիչներին, բռնաբարողներին եւ մարդասպաններին»։
Նշենք, որ նախօրեին Իսրայելի դեմ Իրանի զանգվածային հրթիռային հարձակումներից հետո Անտոնիու Գուտերեշը X-ի էջում դատապարտել էր Մերձավոր Արեւելքում տեղ գտած լարվածությունը եւ առանց Իսրայելին կամ Իրանին հիշատակելու հակամարտության կողմերին կոչ էր արել դադարեցնել կրակը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարձակումից հետո հայտարարեց, որ տեղի ունեցածը պատասխանն է Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի, Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի եւ Լիբանանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Աբբաս Նիլֆրուշանի սպանությանը:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է մինչեւ 181 բալիստիկ հրթիռ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։