Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի տարածքում՝ երկրի հարավային սահմանամերձ շրջաններում տեղակայված շիայական «Հըզբոլլահ» շարժման հենակետերը ոչնչացնելու համար։
Արդեն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Հըզբոլլահ» շարժումը հայտարարություն տարածեց, որ բախումների մեջ է մտել Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերի հետ։
«Ի պաշտպանություն Գազայի հատվածում հաստատուն պաղեստինցի ժողովրդի, նրա քաջարի ու պատվաբեր դիմադրության և Լիբանանի ու նրա ժողովրդի՝ իսլամական դիմադրությունը բախումների մեջ է իսրայելական թշնամու զինվորների հետ, որոնք արևելյան կողմից ներթափանցել են Մարուն ալ-Ռաս քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ իսրայելական բանակը մի քանի զոհ է տվել, իսկ մարտերը դեռ շարունակվում են։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ «Կոմանդո» բրիգադի ուժերը, այդ թվում՝ «Էգոզ» ստորաբաժանման զինվորները, հայտնաբերել եւ ոչնչացրել են «Հըզբոլլահի» հարձակողական ենթակառուցվածքը՝ չնշելով գործողությունների կոնկրետ վայրը։
«Զորքերը իսրայելական ավիացիայի հետ համատեղ ոչնչացրել են ահաբեկիչներին եւ նրանց ենթակառուցվածքները բարձր ճշգրտության զինատեսակներով եւ մոտ տարածությունից մարտերի միջոցով։ Մինչ այժմ ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են ահաբեկչական ավելի քան 150 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ «Հըզբոլլահի» շտաբը, զենքի պահեստարանները և հրթիռային կայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ՝ իսրայելական բանակը հայտնում է նաեւ Լիբանանի հարավում մեկ զոհի մասին․ դա կապիտան Էյթան Իցհակ Օսթերն է։
Լիբանանի բանակի տվյալներով՝ իսրայելական զորքերը Խիրբեթ Յարոնի եւ Ալ-Ադիսայի շրջանում սահմանը հատելուց հետո երկրի տրածքում խորացել են մինչեւ 400 մետր։