Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունը հանրության համար պարզ, հասկանալի եւ բացահայտված է։ Սրա մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչու է իշխանությունը ժողովրդից գաղտնի պահում փաստաթղթի բովանդակությունը։
«Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա։ Չեմ կարող պահել այդ թուղթը եւ ասել, թե յուրաքանչյուր կետում ինչ է գրված։ Դա աշխատանքային փաստաթուղթ է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաեւ նշել է, որ եթե փաստաթուղթը երկրորդ շահառու ունի, ապա դա միակողմանի բացահայտելը կոռեկտ չէ, իսկ մնացած մասերով ամեն ինչ հրապարակվել է։
«Այս փաստաթղթում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ տարածքային պահանջներ չունենալու մասին եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որեւէ բան չկա»,- ասել է վարչապետ Փաշինյանը։