Բռնի տեղահանվելուց հետո արցախյան համույթները Հայաստանում չեն կարողանում շարունակել իրենց բնականոն աշխատանքը․ չեն վարձատրվում, փորձերի համար դահլիճներ չկան։ Եթե հնարավոր է լինում դահլիճ գտնել, մարզերում հաստատված շատ արցախցիներ ճանապարհածախս չունենալու պատճառով չեն կարողանում մասնակցել փորձերին։
2000 թվականին Արցախում հիմնված «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի տնօրեն Էլինա Հարությունյանը պատմում է՝ Հայաստանում հաստատվելուց հետո պետությունն իրենց որեւէ աջակցություն չի տրամադրել։
«2023 թվականի փետրվարի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճում համերգ ունեցանք։ Գոնե դրան պատրաստվելու համար պետությունը մեզ դահլիճ չհատկացրեց, որ մեր փորձերն անցկացնեինք։ Համույթի հիմնադիր Սլավա Ապրեսյանի ընկերը դահլիճ հատկացրեց, տարազներն էլ «Տերյան» մշակութային կենտրոնը տրամադրեց։ Պետությունը որեւէ կերպ չի աջակցել։ Ակտիվիստներ Արեգա Հովսեփյանն ու Նարե Սիմոնյանը մեզ շատ օգնեցին. հասարակական կազմակերպություն բացեցին, փորձեցին բարերարներ գտնել, ֆինանսական միջոցներ հայթայթել»,- պատմում է Էլինա Հարությունյանը։
Բարերարների շնորհիվ յոթ ամիս (փետրվարից օգոստոս) 12-հոգանոց համույթի անդամները 50-հազարական դրամ են ստացել, որը հիմնականում ճանապարհածախսի համար են օգտագործել։ Շատերը մարզերում են հաստատվել։ Արցախում շաբաթը երկու անգամ փորձ էին անում, 96 000 դրամ աշխատավարձ էին ստանում։
Համույթը հոկտեմբերի 5-ին մասնակցելու է Արենիում կայանալիք գինու փառատոնին։ Ոգեւորված են մասնակցում բոլոր միջոցառումներին. «Հուսով ենք՝ հովանավոր կգտնենք, որ կարողանանք մեր փորձերը շարունակել, եւ համույթը չցրվի։ Պետությունից որեւէ ակնկալիք, ցավոք, չունենք․․․ Ազգին նաեւ իր մշակույթով են ճանաչում։ Համույթները մեր մշակութային արժեքներն են պահպանում, ներկայացնում, փոխանցում սերունդներին։ Խոսում են մշակութային արժեքների պահպանության մասին, բայց ոչինչ չեն անում, անգամ դահլիճ չեն տրամադրում մեզ։ Արցախը նաեւ իր մշակույթով է Արցախ։ Մենք այնքան գեղեցիկ պարեր ունենք, մեր անուշ բարբառով երգեր․․․ Պիտի պահպանենք դրանք, ներկայացնենք աշխարհին»,- ասում է Էլինա Հարությունյանը։
Բազմաթիվ երկրներում են եղել, պարբերաբար հյուրախաղերի մեկնել։ Ամիսներ առաջ Ռուսաստանից համերգային հրավեր են ստացել, բայց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ համերգը չեղարկվել է։ Էլինա Հարությունյանը հույս ունի, որ առաջիկայում նոր հրավերներ կունենան։
Էլինան երկար տարիներ երգել է նաեւ Արցախի պետական երգչախմբում։ Ավելի քան 50 անդամ ունեցող երգչախումբը լուծարվել է։ Հիմա 18 հոգի են. ոմանք արտերկիր են մեկնել, ոմանք նոր աշխատանք են գտել, ոմանք էլ գումար չունեն մարզից քաղաք հասնելու համար։
«Տարիների քրտնաջան աշխատանք է տարվել այդ երգչախմբի կայացման համար, բայց այսօր, փաստորեն, այն լուծարվում է։ Պետությունն արցախյան մշակույթն աչքի լույսի պես պիտի պահեր ու պահպաներ, բայց ոչինչ չի անում»,- մտահոգվում է Էլինա Հարությունյանը։
Հայաստանում արցախյան մշակույթը պահպանելու նպատակով 2023 թվականի նոյեմբերին ստեղծվել է «Արցախյան մշակույթի պահպանություն» ՀԿ-ն։ Դրա կազմում ընդգրկվել է Արցախի 12 պետական եւ 3 ինքնագործ համույթ։
ՀԿ-ի տնօրեն Ապրես Մարգարյանն ասում է՝ բազմաթիվ անգամներ առաջարկել են ԿԳՄՍ նախարարությանը աշխատավարձ հատկացնել համույթի անդամներին, սակայն մերժել են, բայց ոմանց աջակցել են տարբեր մշակութային օջախներում աշխատանք գտնելու։
«Կրթության, մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 1400 քաղաքացի կա։ Ըստ վերջին տվյալների՝ նրանցից միայն 150-ն է աշխատանքով ապահովվել»,- ասում է Ապրես Մարգարյանը։
Նրա ղեկավարած ՀԿ-ի ջանքերով դրամահավաք-հեռուստամարաթոն է կազմակերպվել, որի ընթացքում հավաքված գումարով համույթները որոշ ժամանակ աջակցություն են ստացել, մասնակցել միջոցառումների։ Հույս ունի՝ շուտով ծրագրերի կմասնակցեն, դրամաշնորհ կստանան, որի շնորհիվ հնարավոր կլինի համույթները պահպանել։ Կան այնպիսիք, որոնք արդեն չեն գործում։
«Պետությունը սկզբնական շրջանում որոշակի աջակցություն ցուցաբերեց՝ դահլիճներ տրամադրեց փարձերի համար։ Այժմ միայն Արցախի պետական համույթն է ֆինանսական աջակցություն ստանում։ Եթե այսպես շարունակվի, արցախյան համույթները կկազմաքանդվեն։ Շատերն են ուզում մնալ համույթներում, աշխատել, զբաղվել իրենց սիրած գործով, բայց սոցիալական խնդիրները շատ ծանր են, մարդիկ չեն կարողանում հաղթահարել դրանք եւ առանց վարձատրվելու պարբերաբար փորձերի մասնակցել»,- ասում է Ապրես Մարգարյանը։
Նա հիշեցնում է՝ արցախյան համույթները տասնյակ տարիների պատմություն ունեն։ Հիմա համերգային ծրագրերի մասնակցելուց առաջ գործընկերներին, անհատներին, կազմակերպություններին են խնդրում, որ իրենց որոշ ժամանակով դահլիճներ տրամադրեն փորձերի համար։
«Մարդիկ 10-15 տարի աշխատել են, որ համույթը հասցնեն պրոֆեսիոնալ մակարդակի։ Խոսքս վերաբերում է ե՛ւ նվագախմբերին, ե՛ւ երգչախմբերին։ Եթե պարբերաբար փորձեր չլինեն, որակը կընկնի։ Հետո երկար տարիներ են պետք լինելու, որ նորից հասնեն այդ մակարդակին։ Խնդիրներն այսպես բազմաշերտ են։ Հիմա առաջնահերթ դահլիճների կարիք ունենք, եւ անհրաժեշտ է, որ համույթի անդամները գոնե սիմվոլիկ վարձատրություն ստանան»,- ասում է Ապրես Մարգարյանը։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշում է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանձնարարական է տվել ենթակա կառույցներին Արցախից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվներին եւ գործիչներին աշխատանք առաջարկելու, համատեղ մշակութային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մշակույթի կոլեկտիվներին եւ անհատներին, ըստ անհրաժեշտության, տրամադրվել են փորձասենյակներ, համերգային հարթակներ՝ Լեռնային Ղարաբաղի ավանդական մշակույթը ներկայացնելու համար: Դրանք մասնավորապես տրամադրվել են «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն», «Հայաստանի երգի պետական թատրոն», «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ներում»,- նշում է Ալֆրեդ Քոչարյանը։
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան՝ Արցախից բռնի տեղահանված երաժիշտներին եւ մանկավարժական աշխատողներին իրենց բնակության վայրում երաժշտական եւ արվեստի դպրոցների թափուր տեղերի առկայության դեպքում աշխատանքով ապահովելու հնարավորությունը դիտարկելու վերաբերյալ:
Ըստ ԿԳՄՍ-ի տրամադրած տվյալների՝ Արցախի պետական համույթները 12-ն են, որոնցում ընդգրկված է շուրջ 350 մարդ, իսկ մշակութային հաստատությունների (ներառյալ արվեստի եւ երաժշտական դպրոցները, ինչպես նաեւ ինքնագործ կոլեկտիվները) ստեղծագործական անձնակազմի թիվը հասնում է 1400-ի:
2022 թվականի մարտի վերջին տվյալներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում Լեռնային Ղարաբաղից աշխատանքի են ընդունվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնում, Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, Համազգային պետական թատրոնում, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Երեւանի կամերային պետական թատրոնում, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Զրույցի վերջում Ապրես Մարգարյանը շեշտում է՝ լավ է, որ մարդիկ աշխատանք են գտել։ Բայց անհրաժեշտ է գիտակցել՝ եթե անգամ տարբեր համույթների որոշ անդամներ աշխատանքի են անցնում կրթական, մշակութային հաստատություններում, դա համույթների բնականոն գործունեությանը, ըստ էության, չի նպաստում։ Համույթը կուռ միավոր է, որի բոլոր անդամները պիտի հնարավորություն ունենան փորձերին մասնակցելու եւ վարձատրվելու։ Փորձերի համար պայմաններ, դահլիճներ են պետք, այլապես համույթներն աստիճանաբար կկազմաքանդվեն։ Դա ցավոք, անխուսափելի կլինի․․․․
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։