Իսրայելը ցանկացած, նույնիսկ ամենաաննշան սխալի դեպքում կստանա շատ ավելի ջախջախիչ ու կոշտ պատասխան։ Սրա մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Կատար կատարած իր երկօրյա այցի շրջանակում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Փեզեշքիանը կրկին հայտարարել է, որ Արեւմուտքը Իրանին խոստացել էր զինադադար հաստատել Գազայում՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի՝ Թեհրանում սպանությանը չպատասխանելու դիմաց։
Շարունակելով միտքը՝ Իրանի նախագահը Արեւմուտքի խոստումները որակել է որպես «կեղծ հավաստիացումներ»՝ նշելով, որ «Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների շարունակությունն է հանգեցրել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանին, եւ, իհարկե, այս ռեժիմը շատ ավելի ջախջախիչ եւ կոշտ պատասխան կստանա ցանկացած, նույնիսկ ամենաչնչին սխալը կատարելու դեպքում»։
Նշենք, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ լարվածության նոր փուլը բորբոքվեց Իսրայելի ավիահարվածների հետեւանքով Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից եւ այդ երկրի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունից հետո։
Հոկտեմբերի 2-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի ուշ հայտարարեց, որ հարձակումը պատասխանն է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի եւ Լիբանանում իրանական բանակի բրիգադային գեներալ ու ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի սպանություններին։ Կորպուսի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ հաջողվել է խոցել Իսրայելի տարածքում նախանշված թիրախների շուրջ 90%-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։