Հայաստանը կարեւորում է Գերմանիայի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։ Սրա մասին ասվում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի տեքստում։
«Մենք գնահատում ենք մեր պետությունների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ կարեւորում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- ասվում է ուղերձում։
Վարչապետը նաեւ գոհունակություն է հայտնել երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, կրթական, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության ուղղություններով հարաբերությունների դինամիկ զարգացման համար:
Նշենք, որ կանցլեր Շոլցը 2023 թվականին՝ Արցախից բնակչության հարկադիր տեղահանությունից հետո, առաջին միջնորդն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունների, որ տեղի ունեցան 2024 թվականի փետրվարին։
Արդեն ապրիլի 26-ին Ալիեւի հետ Բեռլինում առանձին հանդիպման ժամանակ կանցլերը նշել էր, որ քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։
Շոլցը դրական էր գնահատել նաեւ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման մեկնարկի մասին լուրը եւ հույս հայտնել, որ այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիրը։