Թեհրանը դիտարկում է Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման տարբերակներ, որոնցից մեկը ենթադրում է զորքերի ուղարկում Լիբանան և Գոլանի բարձունքներ՝ Իսրայելի դեմ պայքարում դիմադրության ուժերին օգնելու համար: Սրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատար Մոհսեն Ռաֆիկդուստը։
«Մեր երկրի զինված ուժերը դիտարկում են բոլոր տարբերակները, նույնիսկ Իրանից Իսրայելի դեմ զորքեր ուղարկելը։ Մենք ունենք հնարավորություն Լիբանան եւ Գոլան զորքեր ուղարկելու համար»,- պատասխանել է Ռաֆիգդուստը Didban-e Iran պորտալի հարցին՝ թե արդյոք հակամարտությանը Իրանի անմիջական միջամտության հավանականության կա։
Նրա խոսքերով՝ Թեհրանը հասել է պաշտպանության ոլորտում լիակատար ինքնաբավության մակարդակի՝ սեփական ուժերով արտադրելով ռազմական տեխնիկա օդում, ցամաքում և ծովում գործողությունների համար։ «Թշնամին պետք է հիշի, որ Իրանին չի կարելի հաղթել»,- ընդգծել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպան։
Սեպտեմբերի 30-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Թեհրանը չի ծրագրում իր զորքերը ուղարկել շիական «Հըզբոլլահ» շարժմանը օգնելու համար։
Հոկտեմբերի 2-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի ուշ հայտարարեց, որ հարձակումը պատասխանն է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի եւ Լիբանանում իրանական բանակի բրիգադային գեներալ ու ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի սպանություններին։ Կորպուսի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ հաջողվել է խոցել Իսրայելի տարածքում նախանշված թիրախների շուրջ 90%-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։