Ըստ ԱՄՆ տնտեսական վերջին զեկույցի՝ Միացյալ Նահանգներում գործազրկության ցուցանիշը նկատելի անկում է ապրել:
ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով՝ մայիսին ստեղծվել է շուրջ 560 հազար նոր աշխատատեղ: Դրանք առնչություն չունեն գյուղատնտեսության, մասնավոր տնային տնտեսության կամ ոչ շահութաբեր կազմակերպությունների գործունեության հետ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ աշխատատեղերի հետ մեկտեղ նկատելիորեն աճել են նաեւ աշխատավարձերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատել է, որ աշխատատեղերի ավելացումն ու աշխատավարձերի աճը հիանալի ցուցանիշ են ամերիկյան տնտեսության համար, հիրավի պատմական նվաճում, եւ դա չի կարելի պատահական հաջողություն համարել։
Այդուհանդերձ, կորոնավիրուսի համավարակի անբարենպաստ գործոնները ծանր հետեւանք են թողել ԱՄՆ տնտեսության վրա: Նախորդ տարվա փետրվարի համեմատ այսօր ԱՄՆ-ում 7,6 միլիոն աշխատատեղ պակաս է:
Տնտեսագետների գնահատմամբ՝ աճող աշխատավարձերն ու դրամական աջակցությունները միեւնույն ժամանակ կարող են նպաստել գնաճին:
Աշխատանք գտնելու ցանկությունը խթանելու նպատակով Հանրապետականները Սպիտակ տանը կոչ են արել կրճատելու գործազրկության նպաստները։