Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է Հայաստանին ուղղված անվերապահ աջակցությունը, ինչպես նաեւ Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման պատրաստակամությունը։ Սրա մասին ասվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` կրկնելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, եւ Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրելու պայմանագիրն ու շարունակելու հետագա քննարկումները: Փաշինյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման խնդրի լուծմանը:
Բացի այդ, վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, քննարկվել են նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր, որի ընթացքում Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:
Նախագահ Մակրոնն էլ իր աջակցությունն է հայտնել խաղաղությանն ու կայունությանը ուղղված Հայաստանի Կառավարության քայլերին` միաժամանակ ողջունելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կողմերը նաեւ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին՝ կարեւորելով միջազգային հանրության հետեւողական աջակցությունը առկա խնդիրների հասցեագրման եւ լուծման գործում:
Քննարկման մյուս թեմաները վերաբերել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հարցերին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:
Նա նաեւ բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը եւ ընդգծել Ֆրանսիայի կարեւոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի եւ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում: