«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները Լոնդոնում պատմական համաձայնության են եկել, ըստ որի՝ համաշխարհային խոշորագույն ընկերությունները այլեւս հարկերից խուսափելու հնարավորություն չեն ունենա:
Մոլորակի տնտեսապես զարգացած յոթ գերտերությունները վճռել են, որ կորպորացիաների նվազագույն եկամտահարկն այսուհետեւ կկազմի 15 տոկոս: Եկամուտը պետք է հարկվի ոչ թե ընկերության գրանցման երկրում, այլ այն երկրներում, որտեղ տվյալ ընկերությունը եկամուտ է ստանում իր արտադրանքի կամ մատուցած ծառայությունների համար:
Շուրջ երկու տասնամյակ համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ՝ Google-ը, Amazon-ը, Facebook-ը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մյուս հսկաները, խուսափել են միլիարդավոր դոլարների հարկերից:
Այսօրվա քննարկմանը մասնակցել են ԵՄ տնտեսության հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, ԵՄ ֆինանսների նախարարների խմբի նախագահ Պասկալ Դոնահյուն, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, Իտալիայի ֆինանսների նախարար Դանիելե Ֆրանկոն, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մառը եւ Կանադայի ֆինանսների նախարար Կրիստիա Ֆրիլանդը։
Ձեռք բերված պայմանավորվածությունները կընդգրկվեն հունիսի 11-13-ը Մեծ Բրիտանիայում գումարվելիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում:
«Մեծ յոթնյակի» ղեկավարներից բացի՝ գագաթնաժողովի մասնակիցների թվում կլինեն Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի եւ Հարավային Աֆրիկայի Հանրապետության ղեկավարները, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան: