Փարիզի «Մատինյոն» պալատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ եւ պատրաստ է հետագայում եւս նպաստելու երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Սրա մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրութայն համաձայն՝ Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա եւ ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հետեւողական զարգացման գործում: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:
Հայաստանի վարչապետը իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջեւ բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։
Փաշինյանն ու Բարնեն բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաեւ երկկողմ տնտեսական եւ մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարեւորությունը:
Վարչապետը նաեւ նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարեւորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Նրա խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների եւ ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային եւ վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։
Վարչապետները մեծապես կարեւորել են նաեւ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ:
Բացի այդ՝ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: