Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում այսօր կատարած ուրբաթօրյա աղոթքի՝ խութբայի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի դեմ Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումն անվանել է «բացարձակ օրինական»:
«Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պաշտպանել իր երկիրն ու տարածքը ագրեսորից։ Մեր զինված ուժերը երկու-երեք օր առաջ հրաշալի աշխատանք կատարեցին, եւ դա միանգամայն օրինական էր»,-ասել է Խամենաին։
Նա կրկին դիմել է բոլոր մուսուլմանական երկրներին՝ կոչ անելով միաբանվել Իսրայելի դեմ պայքարի համար։
«Իրանի ժողովրդի թշնամին նաեւ Իրաքի, Լիբանանի եւ Եգիպտոսի ժողովուրդների թշնամին է»,-հավելել է Իրանի հոգեւոր առաջնորդը։
Ըստ Խամենեիի Իսրայելի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի եւ դաշնակից երկրների համար «դարձել է մահաբեր քաղաքականությանը աջակցելու քող», որն Իսրայելին վերածում է Մերձավոր Արեւելքի ողջ ռեսուրսները վերահսկելու գործիքի։ Իսլամական հեղափոխության առաջնորդի կարծիքով նման քաղաքականության նպատակը Իսրայելը տարածաշրջանից դեպի «արեւմտյան աշխարհ» էներգիա արտահանելու առանցքային դերակատար դարձնելն է եւ Արեւմուտքից տարածաշրջան ապրանքներ ու տեխնոլոգիաներ ներմուծելը, ինչը ամրապնդում է Իսրայելին եւ նրանից կախվածության մեջ դնում Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին։
«Իսրայելական ռեժիմին որեւէ մեկի եւ ցանկացած խմբավորման կողմից հասցված յուրաքանչյուր հարված օգուտ կբերի ողջ տարածաշրջանին եւ ողջ մարդկությանը: Անշուշտ, սիոնիստական եւ ամերիկյան այս երազանքը կեղծ եւ անիրատեսական երեւակայություն է»,-հայտարրաել է Խամենաին։
Թեհրանի Մեծ Մոսալլա մզկիթում տեղի ունեցած այս արարաողությունը նվիրված է եղել «Հըզբուլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի եւ նրա ուղեկիցների, այդ թվում՝ իրանական բանակի բրիգադային գեներալ ու ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի հիշատակին, որոնք սպանվել էին սեպտեմբերի 28-ին Բեյրութում Իսրայելի օդային հարվածի հետեւանքով։
Հոկտեմբերի 2-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի ուշ հայտարարեց, որ հարձակումը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ «Հըզբուլլահի» առաջնորդ Նասրալլահի սպանությունների պատասխանն է։ Կորպուսի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ հաջողվել է խոցել Իսրայելի տարածքում նախանշված թիրախների շուրջ 90%-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։