Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները ստացել են առաջին F-16 կործանիչները, որոնք իր երկիրը տրամադրել է Կիեւին։
Ուկրաինայում պաշտոնական այցով գտնվող Բրեկելմանսը հոկտեմբերի 6-ի երեկոյան X-ի էջում գրել է, որ կարող է հաստատել Ուկրաինայի զինված ուժերին հոլանդական առաջին F-16-ների մատակարարումների մասին լուրը։
«Մնացած 24 ինքնաթիռները կմատակարարվեն հաջորդ ամիսների ընթացքում»,- գրել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավարը՝ չհստակեցնելով, թե քանի կործանիչ է ներառված առաջին խմբաքանակում։
Նիդերլանդների պաշտպանության նախարարն ընդգծել է նաեւ, որ անձամբ է համոզվել Ուկրաինային կործանիչներ տեղափոխելու անհրաժեշտության մեջ։ «Խարկովում ես տեսա ռուսական ավիահարվածների ավերածությունները եւ անընդհատ օդային ռմբակոծության ազդանշաններ էի լսում»,- գրել է նա։
Օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են առաջին ամերիկյան F-16 կործանիչները։ Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան մինչ այժմ ստացել է տասը կործանիչ, իսկ մինչեւ 2024 թվականի վերջը երկիր կժամանի եւս 20 ամերիկյան արտադրության ինքնաթիռ։
Նիդերլանդների ռազմական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականների համար չի սահմանել F-16-ի օգտագործման եւ հեռահարության հարցում պատերազմի վարման օրենքներից բխող որեւէ սահմանափակում, որը մամուլը մեկնաբանեց որպես Ռուսաստանի խորքերում հարձակումներ իրականացնելու թույլտվություն։