Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Էսմայիլ Քաանին կատարյալ վիճակում է։ Դրա մասին հայտարարել է Քաանիի տեղակալ, ԻՀՊԿ գեներալ Էրաջ Մասջեդին՝ այսպիսով հերքելով ավելի վաղ մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Բեյրութի իսրայելական ռմբակոծություններից հետո չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։
«Մեզնից շատերը մտածում են, թե ինչ է պատահել գեներալ Քաանիին: Նա առողջ է եւ զբաղված է աշխատանքով: Ոմանք խնդրում են հայտարարություն անել: Ինչո՞ւ։ Դրա անհրաժեշտությունը չկա»,- Մասջեդիի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը:
Նշենք, որ Reuters-ը, հղում կատարելով իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներից ստացված տեղեկությանը, գրել էր, որ նախորդ շաբաթվա վերջին Բեյրութի հարավային Դահիե արվարձանում Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո Իրանը եւ «Հեզբոլլահը» չեն կարողացել կապ հաստատել Քաանիի հետ։ Նշվում է, որ գեներալը Լիբանան ուղեւորվել էր նախորդ ամիս «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից հետո:
Ըստ աղբյուրների՝ իսրայելական ավիահարվածների թիրախ է եղել Նասրալլահի հավանական իրավահաջորդ Հաշեմ Սաֆի ալ-Դինը, որի հետ նույնպես դեռեւս չի հաջողվել կապ հաստատել։
Քաանին «Քուդս» ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականին՝ փոխարինելով գեներալ Կասեմ Սոլեյմանիին, որը նույն տարվա հունվարին սպանվել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով: