Ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում 2024 թվականին Նոբելյան մրցանակները կշնորհվեն Վիկտոր Ամբրոսին եւ Գարի Ռակունին։ Հայտնում է Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը շնորհվել է «միկրոՌՆԹ-ների հայտնաբերման եւ գեների արտահայտման հետտրանսկրիպցիոն կարգավորման մեջ դրանց դերի ուսումնասիրության համար»:
ՄիկրոՌՆԹ-ները ռիբոնուկլեինաթթվի մոլեկուլների հատուկ դաս են. ՌՆԹ-ներ, որոնք այլ մոլեկուլների հետ որոշում են բազմաթիվ գեների ակտիվությունը։ Շատ դեպքերում հենց միկրոՌՆԹ-ներից է կախված, թե արդյոք գենը ակտիվ կլինի օրգանիզմի որոշակի հատվածների բջիջներում:
2023 թվականին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Կատալին Կարիկոյին եւ Դրյու Վայսմանին «նուկլեինաթթվի հիմքերում փոխակերպումների բացահայտումների համար», որոնք հնարավորություն են տվել ստեղծելու Քովիդ-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութեր։
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում մրցանակակիրների անունների հայտարարությամբ բացվում է Նոբելյան շաբաթը։ Հոկտեմբերի 8-ին կհրապարակվեն ֆիզիկայի, հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի, իսկ հոկտեմբերի 10-ին՝ գրականության բնագավառների Նոբելյան մրցանակակիրների անունները։
Հոկտեմբերի 11-ին Օսլոյում հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, իսկ հոկտեմբերի 14-ին հայտնի կդառնա, թե ում կշնորհվի տնտեսագիտության բնագավառի համար մրցանակը։
Յուրաքանչյուր անվանակարգում Նոբելյան մրցանակի դրամական մասը 11 միլիոն շվեդական կրոն է։ Ընթացիկ փոխարժեքով դա 1 միլիոն դոլարից մի փոքր ավելի է: