Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ԱՊՀ արտգործնախարարներն ընդունել են Եվրասիայում անվտանգության ապահովման գործում համագործակցության սկզբունքների մասին համատեղ հայտարարություն։ Դրանում նշվում է, որ «ԱՊՀ անդամ երկրները հանդես են գալիս անվտանգության, տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում փոխգործակցության եվրասիական ճարտարապետությունը բազմաբեւեռ իրողություններին հարմարեցնելու օգտին»։
Հայտարարության համաձայն՝ ԱՊՀ երկրները պատրաստակամ են՝ գործնական ներդրում ունենալու Եվրասիայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության, ռազմաքաղաքական իրավիճակի կայուն եւ երկարաժամկետ կայունացման, ինչպես նաեւ գոյություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունների լուծումն ու նորերի բռնկումը կանխելու գործում։
«Համագործակցության երկրները գիտակցում են եվրասիական տարածքում կայունության ապահովման համար միջազգային իրավունքի համակարգի պահպանման եւ պաշտպանության կարեւորությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում կանոնների, չափորոշիչների եւ նորմերի պարտադրման անթույլատրելիությունը, որոնց մշակմանը չի ապահովվել բոլոր շահագրգիռ պետությունների հավասար մասնակցությունը»,- ասվում է հայտարարության տեքստում եւ ավելացվում, որ նման գործընթացներում ԱՊՀ անդամ երկրները կողմ են արտահայտվում Համագործակցության դերակատարման բարձրացմանը։
ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները նաեւ ընդունել են «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» հայտարարությունը, որով դատապարտում են միակողմանի պատժամիջոցները եւ կոչ անում զերծ մնալ նման քայլերից։
«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից եւ կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացումը, հատկապես զարգացող երկրներում»,- ասվում է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։