Սեպտեմբերի 27-ին Իսրայելի կողմից սպանված նշանավոր շիա կրոնապետ, «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի նշանավոր մեկ արտահայտությունն այս օրերին հաճախ է մեջբերվում. «Այսօր խոսքը ռազմաճակատինն է»:
Վերջին օրերին ավելի քան բացահայտ է, որ Իսրայելի կողմից Լիբանանի եւ հատկապես այդ երկրում գործող զինված «Հեզբոլլահ» խմբավորման դեմ շղթայազերծված պատերազմը նոր փուլ է մտել: Այդ փուլի առանցքային կետերն ամբողջությամբ փոխկապակցված են լինելու Լիբանանի հարավի զարգացումների հետ:
Այլ խոսքով՝ Իսրայելն ընտրեց ցամաքային ներխուժումը՝ ոչ միայն ապահովելու համար իր հյուսիսային շրջանների անվտանգությունը, այլ նաեւ ստեղծելու համար անվտանգության գոտի, որի ձեւավորմանը կարող են հաջորդել բանակցային գործընթացներ: Բայց պարզ է նաեւ, որ խոսքը միայն անվտանգային գոտի ստեղծելու մասին չէ, այս պահին Իսրայելը, իր սրված ախորժակով, ուզում է նաեւ ամբողջությամբ ոչնչացնել «Հեզբոլլահ»-ին:
Ինչքանով է դա նրան հաջողվելու՝ այս պահին տեսանելի չէ, բայց հստակ է, որ «Հեզբոլլահ»-ն այլեւս նույնը չի լինելու, ինչպիսին էր առնվազն իր ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունից առաջ:
Գալով Իսրայելի ձեռնարկած ցամաքային գործողություններին՝ տեսանելի է, որ մինչեւ այս պահը Իսրայելը, իր ռազմական ամբողջ կարողականությամբ, տեղաշարժ չի ունեցել: Դա է թերեւս պատճառը, որ Թել Ավիվը, նոր ձեւաչափ ընդունելով, սկսել է ավելի բուռն հարվածել Բեյրութի հարավային արվարձանին:
Այդ հարվածների առումով շաբաթ օրվա գիշերն աննախադեպ էր։
Վերջին քսան օրը ամենժամյա ռեժիմով հետեւելով Իսրայելի քայլերին՝ կարող եմ ասել, որ շաբաթ գիշեր տեղացած կրակի այս տարողությունը չի եղել ոչ մի օր, ոչ էլ այդ գիշեր գործածված արդիական ռումբերն էին կիրառվել նախորդ օրերին: Պարզ է, որ Իսրայելը գործի է դնում արդիական զենքեր, որոնք կարող են Բեյրութի մեկ հատվածը Գազայի վերածել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ճարահատյալ է թվում, ուստի կարող է Լիբանանի սահմանի պատերազմի դեպքում նոր այլընտրանք առաջարկել եւ կործանում տանող հարվածներ կատարել «Հեզբոլլահ»-ի տիրապետության տակ գտնվող շրջաններին, այսինքն՝ այնտեղ էլ կրկնել Գազան։
Բայց լուրջ լարվածության մեջ է նաեւ «Հեզբոլլահ»-ը, եւ նրա այդ տագնապը կարող է մղձավանջի վերածվել, եթե բացահայտվի, որ Իսրայելը կարողացել է սպանել «Հեզբոլլահ» կուսակցության ղեկավարի հիմնական հավակնորդին՝ Հաշեմ Սաֆիեդինին, որ վերջին առնվազն տասը օրերին, հատկապես Իսրայելի՝ անցած հինգշաբթի օրվա հարվածներից հետո, խորհրդավոր լռության մեջ է:
«Հեզբոլլահ»-ի զինյալները շարունակում են իրենց պայքարը։
Ռազմական գործողությունները չեն դադարում Իսրայել-Լիբանան ամբողջ սահմանային երկայնքով ու հատկապես՝ «Ադայսե», «Մարուն ալ Ռաս» եւ «Քաֆարքիլա» գյուղավանների մոտակայքում:
Պատերազմող երկու կողմերն էլ իրենց հանրություններին փորձում են վստահեցնել, թե մահացու հարվածներ են տալիս դիմացինին։
Մասնավորապես, Իսրայելը հայտարարում է, որ վերջին հինգ օրերին սպանել է «Հեզբոլլահ»-ի հարյուր զինյալի, իսկ «Հեզբոլլահ»-ին մոտիկ (ոչ պաշտոնական) աղբյուրները նշում են, որ երեք օրվա ընթացքում «Հեզբոլլահ»-ը սպանել է իսրայելցի ավելի քան հարյուր զինվորի:
Զինյալ պատերազմն ուղեկցվում է տեղեկատվական պատերազմով, սակայն իրականությունն ավելի քան պարզ ձեւով ցույց է տալիս, որ Լիբանանի հետ սահմանին Իսրայելն ու նրա բանակի լավագույն ստորաբաժանումները լուրջ խնդիրներ ունեն։
Եղած տեղեկությունը համադրելով՝ կարելի է ենթադրել, որ սահմանային պայքարից ամբողջապես հոգնելուց հետո Իսրայելը փորձելու է ներխուժման գալիք քայլերին առնչվող նոր ռազմավարություն մշակել:
Շատ է խոսվում այն մասին (նաեւ արաբ վերլուծաբաններն են այդ ասում), որ Իսրայելն ամբողջությամբ պաշարման մեջ է վերցնելու Բեյրութի հարավային արվարձանը եւ ապա Լիբանանի հարավը ծովային ճանապարհով կտրելու է այլ շրջաններից։ Ըստ կանխատեսումների՝ Իսրայելը կատարելու է ցամաքահանումներ, կղզիացնելու եւ պաշարման օղակի մեջ է առնելու «Հեզբոլլահ»-ի այն զինյալներին, որոնք շարունակում են հավատով ու մեծ եռանդով կռիվ մղել իսրայելյան կանոնավոր բանակի դեմ։
Մյուս կողմից՝ Լիբանանի քաղաքական դաշտում նշաններ են երեւում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե քաղաքական լուծումների ճանապարհ է պատրաստվում: Ակնհայտ է, որ լիբանանցիները ներքին համաձայնությունների կարիք ունեն, եւ անհրաժեշտություն կա համաձայնության գալու նոր նախագահի անվան շուրջ:
Սա հատկապես կհասկանա լիբանանցի խոցված եւ հոգնած հասարակությունը, բայց ո՛չ երկրի քաղաքական վերնախավը, որի յուրաքանչյուր հատվածը տարված է ներքին շահերի եւ արտաքին կախյալությունների պահպանմամբ:
Օրինակ՝ երկրի շիա համայնքի համար (որի մեծ հատվածը վիրավոր է ու «Հեզբոլլահ»-ի դեմ եղած հարվածներից ցնցված) շատ կարեւոր է, թե պաշտոնական Թեհրանն ինչ է մտածում այս տագնապից դուրս գալու եւ դրա ելքերի մասին:
Իսկ սյուննի համայնքի մեծ տոկոսը, որ հոգնած է «Հեզբոլլահ»-ի իշխողական եւ միանձնյա գործունեությունից, կարող է բոլորովին նոր «ռեբրենդինգ» կատարել ու խորքային մասնակցություն ցույց տալ գործընթացներին՝ ապահովելով հատկապես Սաուդյան Արաբիայի եւ Ծոցի երկրների համաձայնությունն ու «օրհնությունը»։
Ի վերջո, որպեսզի Լիբանանը կարողանա դարձյալ ոտքի կանգնել, սյուննի աշխարհի նեցուկի կարիքն ունի, որ կարող է իրականություն դառնալ, եթե լիբանանցիները հարգեն արաբական աշխարհի տեսակետները եւ ճիշտ ընկալեն արաբական աշխարհի դերն ու դերակատարությունը։
Հետեւաբար, առաջիկայի համար մարդկային տագնապների, գաղթականության հարցի ու պատերազմի թելադրած կանոնների կողքին Լիբանանի քաղաքական վերնախավը պետք է մտածի նոր նախագահի անվան շուրջ համաձայնության մասին: Սա է դառնալու մեծագույն եւ առանցքային լուծումների հիմքը։ Ու այդ լուծման մեջ կենտրոնական դեր պիտի ունենան երկրի քրիստոնյաները, որ ինչպես նախկին այլ քաղաքական փուլերում, այս փուլում եւս բավական մասնատված են, իրարամերժ ու տարաբնույթ։
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի կորստով Լիբանանը մուտք է գործել բավական բարդ փուլ, որի ընթացքը, մանրամասն պատկերը եւ հետագայի դեպքերը դեռ վաղ է կանխատեսել։
Քաղաքական ի՞նչ դիրքորոշում եւ ներքին ի՞նչ համայնապատկեր կունենա Լիբանանը. ահա այն հարցերը, որոնք արդեն լսելի են, բայց որոնց շուրջ հստակություն չկա, որովհետեւ ցամաքային կռիվները դեռեւս անորոշությամբ են պատել երկիրը:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։