ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե հաղթի ընտրություններում, ապա առանց Կիեւի մասնակցության չի բանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ։
«Ուկրաինան պետք է խոսքի իրավունք ունենա Ուկրաինայի ապագային վերաբերող հարցերում»,- ասել է Հարիսը՝ պատասխանելով խաղաղ բանակցությունների համար Պուտինի հետ հանդիպման մասին հարցին:
Միեւնույն ժամանակ, փոխնախագահը խուսափել է ուղիղ պատասխանելուց այն հարցին, թե ընտրվելու դեպքում արդյոք կաջակցի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
«Այդ հարցերը կլուծենք, երբ գա այդ պահը։ Այժմ մենք ուժեղացնում ենք Ուկրաինայի կարողությունը Ռուսաստանի չհրահրված ագրեսիայից պաշտպանվելու համար»,- ասել է Հարիսը։
Հարիսը նաեւ քննադատել է իր մրցակից՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե կարող է մեկ օրում վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։
«Գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կապիտուլյացիա»,- ասել է դեմոկրատ թեկնածուն, որից հետո կրկին հայտարարել, որ եթե Թրամփը նախագահ լիներ, «ապա Պուտինն արդեն նստած կլիներ Կիեւում»։
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ հաղթանակի դեպքում կկարողանա արագ լուծել Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը։ Նա նշել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պուտինը հունիսին հայտարարել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղ բանակցությունների մեկնարկի պայմանները. Կիեւը պետք է զորքերը դուրս բերի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերից եւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Բացի այդ՝ նա նաեւ պահանջել էր չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Զելենսկին Ռուսաստանի նախագահի նման առաջարկը անվանել էր «վերջնագիր, որին չի կարելի վստահել»։