Շիրակի մարզում տեղի է ունեցել հայ-հոլանդական «Ագրիկո» կարտոֆիլի սերմ ներկրող ընկերության սերմերի եւ բերքի ավանդական դարձած ցուցադրությունը: Ներկայացվել է յոթ նոր սերմնատեսակ, որոնք հաջողությամբ քննություն են բռնել Շիրակի մարզի հողում, հարմարվել բնակլիմայական պայմաններին:
Երեքուկես տասնամյակ Հայաստանում գործող Հայ-հոլանդական ընկերության ներկայացուցիչ Կորյուն Հովակիմյանը գոհ է նոր ցուցադրված տեսակներից. թե՛ ապրանքային տեսքը, թե՛ համային հատկանիշները սպառողին դուր են եկել: Շուկայում իրենց կայուն տեղն ունեցող կարտոֆիլի տեսակների կողքին այս գյուղատնտեսական տարում շրջանառության մեջ դրվածները համեմատաբար քիչ էին: Հովակիմյանն ասում է՝ հատկապես անցած տարի Հոլանդիա սերմի ամենաքիչ պատվերն են ուղարկել: Որպես հիմնական պատճառ ռուս-ուկրաինական պատերազմն է համարում. արտահանելու հնարավորություն չի եղել, աճեցրած բերքն էլ կա՛մ շատ էժան է վաճառվել, կա՛մ մնացել է պահեստներում:
Եթե աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով խոչընդոտներ չառաջանան, Շիրակի մարզը Հոլանդիային միջինը 1000 տոննա սերմի պատվեր է տալիս: Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ «Ագրիկոն» շուրջ 80 երկրի է կարտոֆիլի սերմ մատակարարում, այն էլ հսկայական քանակով: Մեր պատվերն ընդհանուր համատեքստում չնչին է, բայց հայ-հոլանդական ջերմ հարաբերությունների շնորհիվ մեզ ընդունում են որպես խոշոր երկրների մեծ պատվիրատուների հետ հավասար գործընկեր:
Ընկերությունը Շիրակում աշխատում է ութ խոշոր գյուղատնտեսների հետ, նրանք էլ իրենց հերթին են ստացած հումքից սերմ արտադրում, մատակարարում մարզի այլ գյուղացիական հողօգտագործողներին:
Վարդան Ղազարյանը «Ագրիկոյի» Հայաստան մուտք գործելուն պես առաջին օրվանից օգտվում է հոլանդական կարտոֆիլի սերմնատեսակներից: Սկզբում քիչ քանակով է մշակել, այժմ ցանքատարածքները հասցրել է 60 հեկտարի: Ասում է՝ գյուղատնտեսական երկար ճանապարհ է անցել, երբեմն այլ սերմեր փորձարկել, բայց հիմա ընտրությունը կանգ է առել միայն հոլանդականի վրա: «Այս սերմերը մեր ու մեր հողի լեզուն են լավ հասկանում, մենք էլ՝ իրենցը»,- ասում է փորձառու գյուղատնտեսը, նաեւ հավելում, որ հոլանդական կողմը միայն սերմը տալով չի բավարարվում: Ղազարյանը փորձի փոխանակման, նոր ագրոգիտելիքներ ստանալու նպատակով հաճախ է հոլանդական կողմից հրավեր ստանում, գնում, նոր գիտելիքով վերադառնում:
Սեյրան Ոսկանյանն առաջին քայլերն է անում դեպի մեծ գյուղատնտեսություն: 1-2 հեկտարից սկսել, երեք տարում 15-ի է հասցրել կարտոֆիլի ցանքատարածքները: Նա էլ է հոլանդական ապրանքից օգտվել, գոհ մնացել, ասում է՝ մշտական գործընկերներ կդառնան: Նոյեմբերի սկզբին Սեյրանն էլ Հոլանդիայում գյուղատնտեսական թեմայով կայանալիք գիտաժողովին մասնակցելու հրավեր է ստացել: Շտապում է՝ բերքը հավաքի, որ գնա: Իմացել են, որ Հոլանդիայում կարտոֆիլի սերմարտադրությունն ամենաբարձր մակարդակով է արվում:
«Agro projeqt»-ի հայաստանյան կենտրոնի ղեկավար Արանդ Հովակիմյանը Հոլանդիայում կարտոֆիլի սերմ արտադրելը լուրջ գիտություն է համարում. «Մեկ-երկու տարվա բան չէ սերմ ստանալը: Այն կարտոֆիլը, որը մենք ուտելու ենք 30 տարի անց, այսօր արդեն լաբորատորիաներում ստանում են. բջիջներ են խաչասերում, վիրուսների դեմ կայունությունը, կլիմայի հետ հարմարվողականությունը փորձարկում»:
«Կարո՞ղ է արդյոք մի օր Հայաստանն իր համար սերմ արտադրել» հարցին Արանդ Հովակիմյանը բացասական պատասխան է տալիս, ասում է՝ շատ կուզենային, բայց իրատեսական չէ: «Մենք այժմ չունենք ո՛չ ֆինանսական, ո՛չ գիտական ու մարդկային ռեսուրս նման հսկայական գիտարտադրական կենտրոն ունենալու համար»:
«Ագրիկոն» Հայաստանում
1988-ի երկրաշարժից հետո Հոլանդիայում աղետի գոտու օգնության կոմիտե է հիմնվում: Հավաքված միջոցներով Հայաստանում չորս դպրոց են վերանորոգում, մնացած գումարով էլ կարտոֆիլի սերմացու են ներկրում Հայաստան:
Ընկերության հիմնադիրներից Կորյուն Հովակիմյանն ասում է՝ լավ գիտակցում էին, որ նեղության մեջ գտնվող հայրենակիցներին սերմ մատակարարելով մի քանի խնդիր են լուծում. նախ մարդիկ նորից կկապվեին հարազատ հողին, բարիք կստեղծեին ընտանիքի համար, նաեւ զբաղմունք ունենալու շնորհիվ արագ կհաղթահարեին հոգեբանական ցնցումը:
Առաջին անգամ 60 տոննա հոլանդական կարտոֆիլի սերմ է ներկրվել Հայաստան, այնուհետեւ 5 տարի շարունակ 3500 տոննա անվճար սերմը տրամադրում էին գյուղացիական տնտեսություններին: Երբ հայ կարտոֆիլագործները հունի մեջ են մտնում, սովորում կարտոֆիլարտադրության գաղտնիքներն ու նրբությունները, օգնություն ընդունողից վերածվում են գործընկերների՝ վճարելով սերմի դիմաց:
Այժմ Հայաստանում ունենք կարտոֆիլի բերքատվության մի ցուցանիշ, որը չի գրանցվել անգամ խորհրդային տարիներին:
Գյուղատնտեսական տարին շիրակցի կարտոֆիլագործների համար
Ընթացիկ գյուղատնտեսական տարում Շիրակի մարզում 3800 հեկտար կարտոֆիլի ցանքատարածքներ են մշակվել: Շիրակի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ մարզում հիմնականում աճեցվում են հոլանդական եւ շոտլանդական կարտոֆիլի տեսակներ, բայց հոլանդականը առյուծի բաժինն է:
Այս պահին բերքահավաքն ընթացքի մեջ է, մնում է հավաքեն 1000 հեկտար ուշահաս կարտոֆիլի տեսակների բերքը:
Գյուղատնտեսական տարին բարենպաստ էր կարտոֆիլարտադրողների համար, բայց հողօգտագործողը կարտոֆիլի ցածր արժեքից է դժգոհ: Այսօր Շիրակի մարզում 1 կգ կարտոֆիլի մեծածախ շուկայական արժեքը՝ 100-120, մանրածախը 150-180 դրամ է: Բերքահավաքի սկզբին պարենային կարտոֆիլի արտահանում եղել է, բայց սահմանափակ քանակով:
Եթե արտահանման խնդիրները չլուծվեն, եւ կարտոֆիլի շուկայական արժեքը շարունակի նվազել, հողօգտագործողներից ոմանք ասում են՝ կպակասեցնեն ցանքատարածությունները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։