Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» շտաբի պետ Սուհեյլ Հուսեյն Հուսեյնին, որը համակարգել է Իրանից ստացված զենքի մատակարարումները, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Հուսեյնին որոշիչ դեր է խաղացել Իրանի եւ «Հեզբոլլահի» միջեւ զենքի մատակարարման գործում եւ պատասխանատու է եղել «Հեզբոլլահի» ստորաբաժանումների միջեւ առաջադեմ սպառազինությունների բաշխման համար՝ վերահսկելով այդ զենքի ե՛ւ փոխադրումը, ե՛ւ տարածումը»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:
Բացի այդ՝ իսրայելցի զինվորականները նաեւ ընդգծում են, որ Հուսեյնին պատասխանատու է եղել «Հեզբոլլահի» ամենակարեւոր նախագծերի բյուջետավորման եւ նյութատեխնիկական ապահովման համար, ներառյալ Լիբանանից եւ Սիրիայից Իսրայելի դեմ «ահաբեկչական հարձակումների համակարգումը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հեզբոլլահի» կազմավորումների դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ հասցրեց լիբանանյան շարժման ռազմական օբյեկտներին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակման հետեւանքով Բեյրութում սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Շարժումը հաստատել է նրա մահը եւ խոստացել շարունակել Իսրայելի դեմ պայքարը։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։