ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը, CBS-ին տված հարցազրույցում անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, կրկին հայտարարել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն կարեւոր է դրա իրականացման ձեւը, քանի որ բավականին շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։
Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային պատերազմ թույլ չտալու եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելու համար, Հարիսը պատասխանել է, որ ամեն բան պետք է սկսել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումներից։
«1200 մարդ կոտորվեց, 250 պատանդ վերցվեց, այդ թվում՝ ամերիկացիներ, կանայք դաժանաբար բռնաբարվեցին, եւ ինչպես ասացի այն ժամանակ, ես պնդում եմ, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք էլ այդպես կանեինք: Իսկ թե ինչպես է դա անում, կարեւոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել»,- ասել է դեմոկրատ թեկանածուն՝ ընդգծելով, որ «այս պատերազմը պետք է ավարտվի»։
Հաղորդավարի այն դիտարկմանը, որ Իսրայելի վարչապետ Բենիանմին Նեթանյահուն կարծես թե որոշել է դիմադրել եւ չլսել Վաշինգտոնին, չնայած Գազայում հրադադար հաստատելու եւ Լիբանան չներխուժելու համար Իսրայելի դեմ գործադրված ճնշումներին, Հարիսը պատասխանել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իր դիրքորոշումները իսրայելական կողմին հասցնելու դիվանագիտական մոտեցումը։
«Մենք չենք դադարում այս պատերազմն ավարտելու անհրաժեշտության մասին Միացյալ Նահանգների դիրքորոշումը հստակեցնելու ձգտմանը հետամուտ լինելուց»,- ասել է դեմոկրատ թեկնածուն: