Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները զարգանում են դրական ուղիով։
«Նախօրեին երեկոյան՝ դեռ ոչ պաշտոնական հանդիպմանը, այսպես թե այնպես շոշափել ենք մեր հարաբերությունների ներկայիս կարգավիճակին վերաբերող հարցեր, եւ ես կցանկանայի անմիջապես նշել, որ հարաբերությունները դրականորեն են զարգանում»,- ասել է Ռուսաստանի նախագահը Ալիեւին՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի նախօրեին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն։
«Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, եւ դրանք բոլորը խոստումնալից են, բոլորն էլ իրական, կենդանի նախագծեր են՝ երկկողմ եւ բազմակողմ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքերով՝ երկրների միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունը 4.3 միլիարդ դոլար է, իսկ ռուսական ուղիղ ներդրումներն ադրբեջանական տնտեսության մեջ գերազանցել են 4 միլիարդ դոլարը։
Պուտինը նաեւ Ալիեւին հրավիրել է հոկտեմբերի 23-24-ը Կազանում սպասվող BRICS միջպետական տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։
Ալիեւն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ծրագրված նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն եւ վերահսկողություն։
Նա նաեւ ընդգծել է, որ Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է օրակարգը եւս մեկ անգամ դիտարկելու եւ երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ քայլեր որոշելու համար։