Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են բավականին արդյունավետ ու հաջող:
Պուտինի խոսքերով՝ նախորդ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ` հասնելով 8,2 միլիարդ դոլարի:
«Եթե նման տեմպերով շարժվենք, ապա դա նշանակում է, որ այս տարվա առեւտրաշրջանառությունը կարող է լինել 14-16 մլրդ դոլար: Դա ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան առաջատար ներդրողն է` շուրջ 4 մլրդ դոլար ներդրումներով։
«Եվ ինչ տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովի և գործարար խորհրդի շրջանակում, տալիս է համապատասխան լավ արդյունք: Իհարկե, շատ կարևոր է հումանիտար համագործակցությունը, մենք այժմ մանրամասն դրա մասին կխոսենք, հարգելի Նիկոլ Վլադիմիրի, այստեղ մենք պետք է լրացնենք որոշ բաներ` կապված կրթական շրջանակի հետ: Այժմ մենք խոսքը կփոխանցենք մեր գործընկերներին և դա կքննարկենք մանրամասն»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին նաեւ հրավիրել է հոկտեմբերի 22-24-ը Կազանում սպասվող BRICS միջպետական տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։
Փաշինյանն էլ, իր հերթին շնորահակալություն հայտնելով, նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանն ունեցել են բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն։
«Փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաեւ բավականին մանրամասն խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ:
Հոկտեմբերի սկզբին Երեւանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերելու այդ քննարկումները»,- ասել է ՀՀ վարչապետը։