Իրանը Պարսից ծոցի արաբական երկրներին նախազգուշացրել է պատասխանատվության մասին, եթե իրենց օդային տարածքը կամ ռազմակայանները տրամադրեն Իսրայելին՝ իրանական վերջին զանգվածային հրթիռային հարվածին պատասխան հասցնելու համար: Այս մասին Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։
«Իրանը հասկացրել է, որ Պարսից ծոցի երկրների ցանկացած գործողություն Թեհրանի դեմ՝ լինի օդային տարածքի կամ ռազմակայանների կիրառում, Թեհրանը կդիտարկի որպես ամբողջ խմբի գործողություններ եւ համապատասխան պատասխան կտա: Իսրայելին ցանկացած օգնություն, ներառյալ Իրանի դեմ գործողությունների համար երկրի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը, անընդունելի է»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքերով՝ Իրանը նման նախազգուշացում արել է հոկտեմբերի 3-ին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Կատար կատարած այցի ժամանակ։ Այս թեման քննարկելու է նաեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայում սպասվող իր բանակցությունների ժամանակ։
«Ուղերձում ընդգծվել է Իսրայելի դեմ պայքարում տարածաշրջանային միասնության անհրաժեշտությունը եւ կայունության ապահովման կարեւորությունը»,- հավելել է գործակալության աղբյուրը։ Նա պարզաբանել է, որ Թեհրանը չի քննարկել Պարսից ծոցի երկրների կողմից նավթի արդյունահանման ավելացման հարցը այն դեպքում, երբ Իրանի նավթային օբյեկտները վնասվեն Իսրայելի հնարավոր հարձակման ժամանակ։
Թեհրանի նախազգուշացման մասին տեղեկությունը Reuters-ին հաստատել է տարածաշրջանում աշխատող արեւմտյան երկրի դիվանագետը։ Ըստ նրա՝ Իրանը ուշադիր հետեւելու է, թե ինչպես է Պարսից ծոցի յուրաքանչյուր երկիր արձագանքում Իսրայելի հարձակմանը, եւ ինչ է կատարվելու այդ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներում։ Գործակալությունը պարզաբանում է, որ ԱՄՆ ռազմական օբյեկտներ կամ զորքեր կան Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Սաուդյան Արաբիայում։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության առանցքային դեմքերի սպանությունների: Թեհրանը հայտարարել է, որ հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել են իրենց նախատեսված թիրախները։ Իսրայելական կողմը պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, եւ դրանցից շատերը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցների կողմից: Իսրայելի գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել հարձակմանը։ Իր հերթին Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելի դեմ իր երկրի պատասխան հարվածներն այս դեպքում ավելի լայնածավալ կլինեն: