Վրաստանի Սահմանադրական դատարանը չի կասեցրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Որոշումը հրապարակվել է դատարանի կայքէջում։
Օրենքի կասեցմանը կողմ արտահայտվել են երկու դատավորներ (Գեորգի Կվենչհիլաձե և Թեյմուրազ Տուշուրի), իսկ դեմ՝ վեցը (Մերաբ Տուրավա, Եվա Գոցիրիձե, Գյորգի Թևդորաշվիլի, Խվիչա Կիկիլաշվիլի, Մանանա Կոբախիձե, Վասիլ Ռոյնիշվիլի)։
Սահմանադրական դատարան օրենքը կասեցնելու հայցով դիմել էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որոշ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Սեպտեմբերի 1-ին դատարանն ավարտել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կասեցման գործով եռօրյա նիստերը, սակայն որոշում չէր հրապարակել։
Այժմ Սահմանադրական դատարանը հայցերը քննության ընդունել է մասնակիորեն և անցնում է ըստ էության քննելուն։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») այս տարվա մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարել վիճահարույց փաստաթղթի վրա նախագահի դրած վետոն։ Օրենքը մասնակիորեն ուժի մեջ է մտել հունիսի 3-ին, երբ այն ստորագրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, իսկ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ին։
Վրաստանի միջազգային գործընկերներն ուղղակիորեն հայտարարել են, որ ռուսական ոճի օրենքի ընդունումը երկրին զգալիորեն կհեռացնի Եվրամիությունից։ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու խոսքերով՝ միությանը Վրաստանի միանալու գործընթացը ներկայում կասեցված է։ Չնայած նման հակասություններին՝ իշխող «Վրացական երազանքը» հայտարարում է, որ պատրաստվում է ԵՄ-ին անդամակցելու մինչև 2030 թվականը։