Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցները նկատում են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին, հնարավոր է, պատրաստվում է «ավելի ճկուն» դիրքորոշում ընդունելու պատերազմի ավարտի հարցում, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ին մոտ կանգնած պաշտոնյաներին։
Պարբերականի հաղորդմամբ՝ հրապարակայնորեն Զելենսկին դեռ պնդում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման մասին եւ բացառում ուկրաինական տարածքների շուրջ «սակարկությունները», սակայն ուկրաինացի պաշտոնյաները «հասկացրել են», որ պատրաստ են ճանաչելու պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը։
Սեպտեմբերին Ուկրաինայի համար «հաղթական ծրագիրը» ԱՄՆ-ին Զելենսկու ներկայացնելուց հետո արեւմտյան դաշնակիցները մեծացրել են ճնշումը Կիեւի վրա՝ ավելի կոնկրետ սցենար տրամադրելու համար, գրում է Bloomberg-ը։ Իրավիճակը ճակատում, ֆինանսավորմանն առնչվող դժվարությունները եւ ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրությունները դրդում են Ուկրաինայի դաշնակիցներին «ավելի ուշադիր դիտարկելու բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը»:
«Հաղթանակի ծրագրի» առանցքային կետերից մեկը ենթադրում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրում, որը հավասարազոր կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում փոխադարձ պաշտպանական պայմանագրին: Bloomberg-ի աղբյուրներից մեկը նշում է, որ անվտանգության հուսալի երկկողմ երաշխիքները, հատկապես ԱՄՆ-ից, փաստացի կնշանակեն Ուկրաինայի անդամակցություն դաշինքին։ Բայց քանի որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը դիտարկում է որպես անհնարին արդյունք, պարզ չէ, թե որ բանաձեւը կկարողանա բոլոր կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, ասել է պարբերականի աղբյուրը:
Սեպտեմբերի վերջին Զելենսկին, որ ուղեւորվել էր Միացյալ Նահանգներ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ներկայացրել էր Կիեւի կողմից մշակված Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»: Սակայն Սպիտակ տան աղբյուրները մամուլին պատմել են, որ «տպավորված» չեն եղել ծրագրից։
Զելենսկին ծրագիրը ներկայացնելու եւս մեկ հնարավորություն ունեցավ, երբ Բայդենը հայտարարեց Գերմանիա այցի մասին։ Ըստ Der Spiegel-ի՝ Բայդենը Բեռլինում պետք է հանդիպեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ «քառյակի ձեւաչափով»։ Այդ հանդիպմանը նախատեսվում էր քննարկել Ուկրաինային աջակցելու հարցը։ Բացի այդ՝ Բայդենը մտադիր էր հանդիպելու Զելենսկու հետ։ Սակայն այցից մեկ օր առաջ Բայդենը հետաձգել է ուղեւորությունը Ֆլորիդային մոտեցող «Միլթոն» փոթորկի պատճառով։