Եվրախորհրդարանը (ԵԽ) ձայների մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձեւը, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, իսկ անդամ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Բանաձեւի շրջանակում Եվրախորհրդարանը «մտահոգություն է հայտնում, որ «Վրացական երազանքի» բազմաթիվ օրենսդրական առաջարկները դավաճանում են վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ձգտումներին։
Այն վերաբերում է նաեւ մեդիայի եւ արտահայտվելու ազատությանը. բանաձեւն ընդգծում է, որ «արտահայտվելու եւ հավաքների ազատության եւ խաղաղ բողոքի իրավունքը հիմնարար ազատություններ են եւ պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում, հատկապես այն երկրում, որը ցանկանում է միանալ Եվրամիությանը»:
Բանաձեւին կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 պատգամավոր։ Բանաձեւի տեքստը համատեղ ներկայացվել եւ աջակցվել է Եվրոպական խորհրդարանի հիմնական խմբերի կողմից.
Եվրոպական ժողովրդական կուսակցություն,
Սոցիալ-դեմոկրատներ,
Եվրոպացի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ,
Լիբերալներ (RENEW)
Կանաչներ (Կանաչներ/EFA):
Բանաձեւի նախագծով Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին կոչ է անում ժամանակին գնահատել ոչ միայն «գործակալների օրենք»-ի, այլեւ ՀակաԼԳԲՏ օրենքի եւ այլ օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման չափանիշերի կատարման վրա, հատկապես՝ հիմնարար իրավունքների մասով, «որը Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականության կարեւորագույն բաղադրիչն է»։
Բանաձեւի տեքստը Եվրամիության խորհրդին եւ Եվրամիության ժողովրդավար գործընկերներին կրկին կոչ է անում «անհապաղ եւ նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ կիրառել» Իվանիշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացման պատճառով։
Եվրախորհրդարանի բանաձեւն իրավական ուժ չունի եւ խորհրդանշական է իր բնույթով։ Եվրոպական խորհրդարանի դերը ԵՄ արտաքին քաղաքականության արտադրության մեջ սահմանափակ է։