Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները Կահիրեում անցկացրած խորհրդակցությունների առաջին օրվա ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածը կառավարող կոմիտե ստեղծելու շուրջ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Լրատվականի աղբյուրների համաձայն՝ կոմիտեն «վարչականորեն կապված կլինի Պաղեստինի կառավարության հետ» եւ բաղկացած կլինի 10-15 հոգուց, «որոնք չեն լինի պաղեստինյան տարբեր խմբակցությունների անդամներ»։ Նշվում է, որ այս վարչական մարմինը կֆինանսավորվի միջազգային կազմակերպությունների միջոցներից եւ Պաղեստինի կառավարության բյուջեից։ Կոմիտեն, ընդգծում են աղբյուրները, կզբաղվի Գազայի բնակիչների «սահմանային անցումների կառավարման, առողջապահության, կրթության, սոցիալական զարգացման, ինչպես նաեւ մարդասիրական օգնության եւ բնակարանային ապահովման» հարցերով։ Sky News Arabia-ն պնդում է, որ բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում՝ չորեքշաբթի, ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը կքննարկեն նոր կոմիտեի ձեւավորման եւ աշխատանքների մանրամասները։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր տելեգրամյան ալիքում պաշտոնապես հաստատել է Կահիրեում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման փաստը։
«Որոշ ժամանակ առաջ Կահիրեում մեկնարկել է [շարժման քաղբյուրոյի անդամ] Խալիլ ալ-Հեյայի գլխավորած ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հանդիպումը ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մամուլի քարտուղար Թահեր Նունուի՝ բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել Գազայի հատվածի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ «գործադրված ջանքերի համատեղումն ու պաղեստինցիների շարքերում միասնության հասնելը»:
Հանդիպմանը ՖԱԹՀ-ի պատվիրակությունը, ըստ ՀԱՄԱՍ-ի, գլխավորել է շարժման կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Մահմուդ ալ-Ալուլը։
2005 թվականին Իսրայելը, որպես միակողմանի սահմանազատման ծրագրի մաս, ամբողջությամբ դուրս բերեց իր զորքերը Գազայի հատվածից եւ տարհանեց հրեական բնակավայրերը։ Դրանից հետո հատվածի վերահսկողությունը փոխանցվեց չափավոր ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչներից կազմված Պաղեստինի ազգային վարչակազմին՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ, որը կառավարում է նաեւ Արեւմտյան ափը: Սակայն Պաղեստինի խորհրդարանի առաջին ընտրություններում հաղթեցին ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները, որոնք առճակատման մեջ մտան ՖԱԹՀ կուսակցության հետ, ինչը հանգեցրեց խմբակցությունների պառակտմանը։ Արդյունքում ՀԱՄԱՍ-ը ամբողջական վերահսկողություն հաստատեց Գազայի հատվածի վրա, իսկ ՖԱԹՀ-ը պահպանեց իշխանությունը Հորդանան գետի արեւմտյան ափին:
Վերջին շրջանում Աբբասը եւ նրա կողմնակիցները պարբերաբար հայտարարել են Գազայի հատվածում Պաղեստինի ազգային վարչակազմի իրավասությունը վերականգնելու ցանկության մասին, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ չի համաձայնել դրան: