Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի Ալ-Ռիադում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանի զարգացումները, հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը (SPA):
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ X-ի էջում տեղեկացրել է, որ կողմերի քննարկման հիմնական թեման միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներն են։
«Նրանք իրենց ընդհանուր գոհունակությունն են հայտնել երկկողմ հարաբերություններում շարունակվող դրական միտումների կապակցությամբ եւ ընդգծել երկկողմ համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը։ Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ընդգծվել է տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության կենսունակությունը Գազայում եւ Լիբանանում ցեղասպանությունն ու պատերազմը դադարեցնելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Վերջին տարիներին տարածաշրջանային, աշխարհաքաղաքական եւ գաղափարական ախոյաններ հանդիսացող Սաուդյան Արաբիան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարգավորել են միջպետական հարաբերությունները՝ վերահաստատելով դեռ 2016-ից ընդհատված դիվանագիտական կապերը։ Այս գործընթացը նպաստել է տարածաշրջանային լարվածության թուլացմանը, սակայն երկու երկրների հարաբերություններում դեռ կան որոշակի տարաձայնություններ:
Հանդիպումից առաջ Արաղչին բանակցություններ է վարել նաեւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Այս դեպքում կողմերի քննարկումները եւս հիմնականում կենտրոնացել էին Գազայում եւ Լիբանանում տիրող իրավիճակի վրա։
Նման այցելությունները տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում աճող լարվածության ֆոնին։ «Հեզբոլլահի» դեմ իսրայելական բանակի ակտիվ գործողությունների մեկնարկից եւ դրան ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հրթիռային հարձակումից հետո այժմ տարածաշրջանը սպասում է Իսրայելի պատասխան հարձակմանը։
Այս շաբաթվա սկզբին Թեհրանը Պարսից ծոցի արաբական երկրներին տեղեկացրել էր, որ «անընդունելի» կլինի, եթե վերջիններս թույլատրեն օգտագործել իրենց օդային տարածքը կամ տրամադրեն ռազմակայանները Իրանի դեմ հարձակումների համար՝ զգուշացնելով, որ ցանկացած հարձակման դեմ նման պատասխան կտա։