ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ այսօր ևս մեկ հայ զինծառայող է ձերբակալվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:
«Ձերբակալվել է դիվերսիոն խմբի անդամ, զինծառայող Արթուր Քարթանյանը։ Խմբավորման մյուս անդամները նահանջել են»,- ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Քաշաթաղի շրջանը (Լաչինի շրջան) Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։