Քաղաքական ավելի քան երեսնամյա ճանապարհին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ է հանրության հետ բաց-հրապարակային հաղորդակցության փորձ ձեռնարկում: Մինչ այդ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում նրա համար աշխատել է թիմը, իսկ ինքը ներկայացել է որպես «ընտրյալների ընտրյալ»:
Այս մրցապայքարում Ռոբերտ Քոչարյանը, եթե օգտվենք իր իսկ ձեւակերպումից, «շարքային ընդդիմադիր է»: Նա, թերեւս, ունի համակիրների, աջակիցների, նույնիսկ ֆանատների մի շրջանակ, բայց հանրային մեծ աջակցություն՝ ոչ: Եվ, ըստ երեւույթին, չի էլ ունենա, որովհետեւ երկրորդ նախագահն, այո՛, կամային է, վճռական, խարիզմատիկ, բայց նրան պակասում է ամենակարեւորը. նա քաղաքական տեքստի վարպետ չէ: Ավելին՝ քիչ թե շատ մեծ լսարանում նրա ամեն մի ելույթ աշխատում է իր դեմ:
Ըստ երեւույթին, երկրորդ նախագահի քաղտեխնոլոգիական ապահովությունը կառուցված է «հաղթական անհատի» կերպարի կուլտիվացման վրա: Դա կարող է աշխատել, եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակական վրիպումներ թույլ չտա:
Դիտարկենք նրա վերջին ելույթներից երկու թեզ: Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ կյանքում ինչ նպատակ դրել է, հասել է դրան: Փաստական հիմնավորումները, մանավանդ նրա կենսագրության արցախյան հատվածի հետ կապված, թողնենք մի կողմ եւ ընդունենք, որ նա նպատակադրվել էր լինել ԼՂ առաջնորդ, հասել է դրան, հետո խնդիր է դրել դառնալ Հայաստանի նախագահ եւ նույնպես հաջողել է: Իսկ հետո՞: Մի՞թե Ռոբերտ Քոչարյանը ԼՂ խնդրի խաղաղ կամ պատերազմով, բայց բացառապես հայանպաստ լուծման քաղաքական նպատակադրվածություն չի ունեցել: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է դարձել Հայաստանի նախագահ: Որպեսզի կենսագրականում մի հավելյալ տո՞ղ էլ գրվի:
Այսինքն՝ նրա նպատակների նպատակը Հայաստանի նախագահի աթոռին բազմե՞լն էր: Իսկ եթե ունեցել է ԼՂ-ի բացառապես հայանպաստ, հաղթական, 1994 թվականի ստատուս քվոն ամրագրող, դեռ մի բան էլ ավելին երաշխավորող կարգավորման նպատակ, ապա ինչո՞ւ չի հասել դրա իրականացմանը: Ի՞նչն է խանգարել: Թե՞ պարզապես գերագնահատել է ուժերը, հնարավորությունները, խարիզմայի միջազգային գործունակությունը:
Այստեղ սկզբունքային հակասություն կա: Երկրորդ նախագահը պարզապես մանիպուլյացիայի է ենթարկում հանրության հատկապես այն խավերին, որ «թագավոր տղու» պաշտամունք ունեն: Եվ, իհարկե, օգտվում է նույն շրջանակների իրավա-քաղաքական գիտակցության կաղապարվածությունից: Այլապես շարքային ընտրողը վաղը նրան կարող է պարզ հարց տալ. «Թագավորն ապրած կենա, բա եթե քո առաջ անհաղթահարելի նպատակ չկա, էդ ինչո՞ւ ժամանակին ծնկի չբերեցիր հայր եւ որդի Ալիեւներին, ինչո՞ւ չվերադարձրիր Նախիջեւանը, Կարսը, մեր մյուս հայրենական հողերը»:
Հետաքրքիր է, եթե մեկն այս հարցը հնչեցնի, ի՞նչ է պատասխանելու Ռոբերտ Քոչարյանը: Բայց դա դեռ ամբողջը չէ: Երկրորդ նախագահը, որպես դե ֆակտո իշխանության ապիկարության ցուցիչ, հայտարարում է, թե խոստացել էին իրեն դատել, բայց նույնիսկ դա չկարողացան անել: Սա արդեն քարոզչական բացահայտ «լյապ» է:
Ռոբերտ Քոչարյանը փաստացի ընդունում է, որ իրեն դատելու հանրային պահանջ եւ պետական անհրաժեշտություն կար, Նիկոլ Փաշինյանը վստահության բարձր քվե է ստացել նաեւ այդ հիմքով, բայց անգործունակ է գտնվել, չի արդարացրել ժողովրդի հույսերը: Ռոբերտ Քոչարյանի դեմ ավելի բուռն հակաքարոզչություն, քան ինքն է անում, հազիվ թե մեկ ուրիշ քաղաքական ուժի մտքով անցներ:
Խոսքը օդի ֆիզիկական տատանում չէ, մտածողության, հոգեկերտվածքի, ադեկվատության հստակ ցուցիչ է: Ասելով, թե դե ֆակտո իշխանությունը նույնիսկ իրեն դատել չի կարողացել, Ռոբերտ Քոչարյանը փաստացի հանրային գիտակցությունը փորձում է ուղղորդել, որ նույնիսկ մեղադրյալի կարգավիճակում ինքն ավելի ուժեղ էր, քան ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած իշխանությունը: Սա ուղերձ է, որ իշխանության լեգիտիմության աղբյուրը ոչ թե ժողովրդից ստացած վստահության քվեն է, այլ անհատի հեղինակությունը, խարիզման, այն «էլիտան»՝ իր բոլոր ճյուղավորումներով, որ տվյալ անձին ընդունում է ինչպես Աստծուն հավասար մեծության, մի գերբնական ուժի, որի դիմաց ոչինչ են Սահմանադրությունը, օրենքը, դատարանը, հանրային համակեցության գրված եւ չգրված կանոնները:
Երկրորդ նախագահն, ահա, ներկայանում է որպես վերսահմանադրական, վերօրինական, վերբարոյական իշխանության հավակնորդ, որպես մի ֆանտոմային Ուժ, որի դեմ բոլորը եւ ամեն ինչ անզոր են: Սա քաղաքական միստիֆիկացիա է: Երկրորդ նախագահը ճանապարհ անցած եւ շատ փորձառու գործիչ է, գիտի, որ արդի աշխարհում «մաչո»-ի քաղաքական կերպարը ոչ միայն պահանջված չէ, այլեւ մերժելի է: Բայց նա գիտի նաեւ, որ ներկայիս շփոթահար վիճակում մեր ժողովրդի որոշակի խավեր «հերոսի» կարոտախտ ունեն: Եվ, ըստ երեւույթին, հենց այդ զգացմունքների դաշտում էլ փորձում է ավելի ու ավելի մեծ լսարան հավաքագրել:
Շատ քչերն են ուշադրություն դարձնում նրա բազմաթիվ թեզերի կազուիստիկային: Գրավիչ է «ես հայ եմ, թուրքն իմ թշնամին է, ես Ռոբերտ Քոչարյանի աջակիցն եմ» ֆլեշ-մոբը: Խնդիրն այն է, թե հանուն իշխանության մրցապայքարում բոլո՞ր միջոցներն են արդարացված: Եթե այո, ապա պիտի ընդունել, որ «արդարացի է» նաեւ Նիկոլ Փաշինյանի անեզրական ցինիզմը:
Թե ինչի կհասցնի երկու ծայրահեղությունների «ցլամարտը», կասկածել պետք չէ: Դա կբերի Հայաստանի մերձիմահ հյուծվածության: Ուստի բոլոր ողջախոհ ուղեղները պարտավոր են մեկտեղվել՝ մերժելու թե՛ փաշինյանական, թե՛ քոչարյանական դեմագոգիան եւ պոպուլիզմը: Նման պահանջված հանրագումարի համար նրանք վաղուց իրենց խոցելի են դարձրել ամենակարեւոր՝ տրամաբանական եւ քաղաքակրթական խոսքի մրցապայքարում:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։