Թեեւ առաջին հայացքից թվում էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բարելավվում էր, առաջընթաց կար, եւ չնայած Ադրբեջանի վարքագծին՝ այն կստորագրվի, իրականում Ադրբեջանը, ինչպես միշտ, ընտրել է ձգձգելու մարտավարությունը, որպեսզի քաղի ավելին:
«Զանգեզուրի միջանցք» կոչվածը (ըստ ադրբեջանական քարոզի) արդեն արտաբերվում է Դմիտրի Պեսկովի կողմից, նրանից առաջ դա արդեն արել էր Մարիա Զախարովան, սակայն ավելի շուտ Կոպիրիկինն ու Օվերչուկը խոսում էին ՀՀ տարածքային ամբողջականությունից եւ ընդգծում էին, որ հաղորդակցությունները չեն բացվելու միջանցքային տրամաբանությամբ:
Թեեւ նոյեմբերյան հայտարարության իններորդ կետում հստակ գրված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հսկողության պայմանի մասին, Փաշինյանն ամեն կերպ ժխտում է այդ փաստը եւ տանում է հաղորդակցությունները մասնավոր ընկերության հսկողությամբ բացելու քաղաքականություն:
Սակայն Ադրբեջանին ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Փաշինյանի առաջարկած մոտեցումները ձեռնտու չեն, դրա համար էլ այս հարցը որոշեցին դուրս հանել խաղաղության պայմանագրի բանակցություններից: Ադրբեջանը ձգտում է միջանցքը հսկելու միայնակ, եւ էական չէ՝ կստանա այն խաղաղ, թե բռնի միջոցով, ցանկանում է ստանալ այնպես, ինչպես հնարավոր է:
Որքան էլ իշխանությունները անթույլատրելի վարքագիծ դրսեւորեին, սխալ մոտեցում ցուցաբերեին Ռուսաստանի հետ հարաբերություններում, մեկ է, եթե տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը ինչ-որ առումով թուլանում են, նշանակում է՝ նրա հնարավորությունները բավարար չեն զսպելու Թուրքիային եւ Ադրբեջանին ամեն հարցով:
Սա կարելի է համարել Արեւմուտքի հաջողությունը, Տոյվո Կլաարը ամիսներ առաջ ընդգծում էր Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային դերակատարի կարեւորությունը. պատմական աքսիոմ կարելի է համարել այն, որ Թուրքմենչայի պայմանագրից հետո տարածաշրջանի համար հավակնորդը կա՛մ Թուրքիան է, կա՛մ Ռուսաստանը:
Որքան էլ Արեւմուտքը փորձի հաստատվել այստեղ, Թուրքիայի ձեռքը ավելի տեսանելի է լինելու իր տնտեսական լծակներով, բայց Ռուսաստանին լիարժեք դուրս մղելն անհնար է եւ, բացի այդ երկուսից, կա նաեւ իրանական գործոնը:
Ներկա վերադասավորումներով, երբ պարզ կլինի՝ ինչպես կավարտվեն ընտրությունները Վրաստանում, որքան կներգրավվեն Չինաստանն ու Հնդկաստանը, որքան կծավալվի BRICS-ը, ինչ մակարդակում կլինեն հարաբերությունները Արեւմուտքի հետ, կտեսնենք, որ տարածաշրջանը կկիսվի հիմնականում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի (կախված Իսրայելի հետ պատերազմի հանգուցալուծումից) միջեւ, իսկ անդրկովկասյան երկրներից առաջնայինը կլինի Ադրբեջանը:
Հիմա էլ գնալով Թուրքիայի եւ Իրանի սահմաններին հաստատվում են ՀՀ սահմանապահները, ինչը խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի ներկայության ձեւը փոխվում է, Հայաստանը մնում է Ռուսաստանի տնտեսական, էներգետիկ բլոկում (թեեւ նոր ատոմակայանի հարցում բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ), սակայն ռազմական առումով որքան հնարավոր է հեռանում են իրարից, ռազմաբազայի հարցն էլ առանց սահմանապահների մնալու է հարցականի տակ:
Հիմա հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունները մեծ տեղ են զբաղեցնում, նրա կարծիքով Ռուսաստանը դավաճանել է իր մերձավոր դաշնակցին, սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանը հետապնդել է իր շահերը, չկան մշտական շահեր ու բարեկամներ, մենք ենք, որ սխալ պատկերացումներ ենք ունեցել, Շառլ դը Գոլն էր նույնիսկ կասկածի տակ դնում քաղաքականության մեջ «բարեկամ» հասկացությունը:
Սակայն մենք տեսանք Ռուսաստանի համար ինչպես ավարտվեց խաղաղապահ գործունեությունը ԼՂ-ում, ինչպես այն սկսվեց եւ հասավ իր վերջնակետին, գիտենք՝ ինչ շահեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ուստի հայ հասարակության տրամադրությունները որոշակի հիմք ունեն, չնայած որ պետք է պահանջեն ոչ թե Ռուսաստանից, այլ իրենց ընտրած իշխանություններից, որը շատ սխալներ է արել ԼՂ-ի հարցում եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Այդ տրամադրություններով պայմանավորված, չնայած դժգոհություններին, Ռուսաստանին ձեռնտու չէ ներքաշվել սահմանազատման ու սահմանագծման եւ խաղաղության բանակցությունների մեջ, քանի որ դրանց վերջնարդյունքը շատ փխրուն է լինելու, պատերազմի հավանականությունը՝ մեծ, ուստի Ռուսաստանը չի ուզում դառնալ նոր պատերազմի հանդուրժող, հասարակությունն էլ կարող է տեսնել հավաքական Արեւմուտքի օգնության իրական հնարավորությունները:
Սա է Փաշինյանի եւ Ռուսաստանի հարաբերությունների իրական պատկերը, թույլ Հայաստանով Փաշինյանը հիմա բոլորին է ձեռնտու, Ռուսաստանին՝ նույնպես, քանի որ հակառուս Փաշինյանը չի խանգարի Ռուսաստան-Թուքիա-Ադրբեջան ծրագրերի իրականացմանը Հայաստանի հաշվին:
Սակայն հայ հասարակության տրամադրություններն ավելի կարեւոր չեն, քան տարածաշրջանային հաղորդակցությունները, ուստի Ռուսաստանը միջոցներ չի խնայի լինելու միջնորդ, երբ հասկանա, որ այդտեղ հսկողություն իրականացնելու համար հնարավորություններն ավելի մեծ են:
Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի, որ Արեւմուտքը չմիավորի Եվրոպան Միջին Ասիայի հետ Հայաստանի տարածքով մասնավոր ընկերության քողի ներքո, դրա համար նա նույնիսկ պատրաստ է հակադրության մեջ մտնելու Իրանի հետ, որի համար կարեւոր է իր հյուսիսային դարպասը:
Չգիտեմ, թե որքան կհաջողվի համակցել «Հյուսիս-հարավ» ու «Արեւմուտք-Արեւելք» միջանցքները, ինչի նախադրյալները կան, բայց Հայաստանը պետք է հասկանա իր աշխարհաղաքական նշանակությունն այս պահին եւ չդառնա մանրադրամ:
Նույն կերպ էլ պետք է հասկանա, որ այսպիսի խաղաղություն չի լինում, խաղաղությունը լինում է այլ կերպ, բայց որպեսզի հիմա չներգրավվենք պատերազմի մեջ, պետք է հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, բայց ժողովուրդների միջեւ խաղաղություն չի լինելու, իսկ մեր հարեւանների էլիտաները չեն հրաժարվի իրենց նպատակներից մեր խաղաղասիրական իղձերի համար:
Մանկամտություն է ակնկալել այդպիսի խաղաղություն այն դեպքում, երբ Մերձավոր Արեւելքն ու Ուկրաինան եռում են, եւ այդ եռացող ալիքը հասնում է նաեւ Անդրկովկաս:
Արմեն Մկրտչյան