Ճապոնական «Նիհոն Հիդանկյո» ասոցիացիան 2024 թվականին կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը միավորում է Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունից փրկված մարդկանց։ Այս մասին հայտնել է Նոբելյան կոմիտեն։
«Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծություններից փրկվածների այս զանգվածային շարժումը, որը նաեւ հայտնի է որպես «Հիբակուշա», խաղաղության մրցանակ է ստանում միջուկային զենքից զերծ աշխարհի հասնելու իր ջանքերի եւ վերապրածների վկայություններով միջուկային զենքի կիրառումը այլեւս բացառելու անհրաժեշտությունը ցույց տալու համար»,-ասվում է Կոմիտեի բացատագրում։
Ասոցացիան հիմնադրվել է 1956 թվականին եւ ներկայացված է Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում։ Շարժման հիմնական նպատակները ներառում են «միջուկային պատերազմի կանխումը եւ միջուկային զենքի վերացումը, ներառյալ դրանց ամբողջական արգելման եւ վերացման մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը»:
1985 թվականից կազմակերպությունը մեկ անգամ չէ, որ ընդգրկվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում։
Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին։ Եղել են տարիներ, երբ այս անվանակարգում հաղթողը չի հայտարարվել։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1972 թվականին։ Պատճառները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներն էին, հանձնաժողովի անդամների միջեւ հակասությունները եւ «արժանի թեկնածուների բացակայությունը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, այս տարի խաղաղության մրցանակի համար առաջադրվել է ընդհանուր առմամբ 286 թեկնածու։ Նրանց թվում, բացի UNRWA-ից, Արդարադատության միջազգային դատարանից եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից, ներառված են եղել նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոն: