Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում եւ հաճախ նույնական գնահատականներ ունեն իրադարձությունների շուրջ։ Այս մասին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ Իրանի հետ հարաբերությունները առաջնային են ՌԴ-ի համար եւ զարգանում են բավականին հաջող տեմպերով։ ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է ապրանքաշրջանառության աճող տեմպերը։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, եւ մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ մոտ են»,- նշել է ՌԴ նախագահը։
Սա նախագահների առաջին հանդիպումն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, կողմերը քննարկելու են երկկողմ հարցեր, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացած իրավիճակը։
Փեզեշքիանը նույնպես համաձայնել է Պուտինի գնահատականներին՝ նշելով․ «Հաշվի առնելով իսլամական հեղափոխության հոգեւոր առաջնորդի կամքը՝ մեր հարաբերությունները պետք է օրեցօր բարելավվեն ու ամրապնդվեն։ Մենք հիմա շատ հնարավորություններ ունենք եւ պետք է օգնենք միմյանց։ Մեր սկզբունքները նման են, միջազգային ասպարեզում մեր դիրքորոշումները նման են ձեր դիրքորոշմանը»։
Սեպտեմբերին Ռուսաստանում Իրանի դեսպանը տեղեկացրել էր, որ նախագահ Փեզեշքիանը կմասնակցի BRICS միջպետական տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 22-24-ը կանցկացվի Ռուսաստանի Կազան քաղաքում։ Այդ գագաթնաժողովին նախատեսվում է Փեզեշքիանի եւ Պուտինի երկկողմ հանդիպումը։